Բացել լրահոսը Փակել լրահոսը
սոնա
A A
Քաղաքականություն

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մեղավոր է ճանաչվել

Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց 2022 թվականին վարչապետի շարասյանն ուղեկցած առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով: Նրա նկատմամբ խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ երկրից բացակայելու արգելքը:

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը լրագրողներին ասաց, որ դատարանն այս պահին լուծել է միայն մեղավորության հարցը. «Ինչից տուժող կողմը, բնականաբար, գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից: Հաջորդիվ արդեն՝ լրացուցիչ դատալսումների փուլում, դատարանն անդրադառնալու է պատժի հարցին»:

Ասլանյանը հավելեց, որ 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև ՔՕ-ով ՃՏՊ-ների վայրը լքելը այլևս հանցագործություն չէ, սակայն կնշանակվի այլ պատիժ, որով նախատեսվում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:

«Վերդիկտի հետ կապված տուժող կողմը առարկություններ չունի, որովհետև ամբողջ մեղադրանքով ու ամբողջ ծավալով մեղավոր է ճանաչվել», - հավելեց նա:

Վարորդ մայոր Արամ Նավասարդյանը մեկնաբանություն չտվեց, նրա փաստաբանը ներկա չէր նիստին: Նա շարունակում է մնալ ազատության մեջ:

Նավասարդյանն ավելի վաղ հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է, ինչի հետևանքով իր մեքենայի հարվածից երիտասարդ հղի կինը մի քանի մետր այն կողմ է նետվել ու տեղում մահացել: