Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին։ Նախագահը կարևորելով հասարակության և իշխանության միջև կապի ամրապնդման գործում Հանրային խորհրդի դերակատարումը՝ նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ինստիտուտի ներուժը՝ ընդլայնելով դրա կարողությունները, մեծացնելով ազդեցությունն ու հանրային տեսանելիությունը։ Նախագահի համոզմամբ՝ Հանրային խորհուրդը պետք է դառնա բաց, ընդգրկուն քննարկումների հարթակ՝ հանրությանը հուզող հարցերը բարձրաձայնելու և անհրաժեշտ երկխոսության ձևավորմանը նպաստելու համար։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Արա Խզմալյանի փորձառությունն ու մասնագիտական կարողությունները՝ ընդգծելով, որ խորհրդի անդամներն իրենց հեղինակությամբ կարող են նպաստել հասարակական կարևոր հարցերի բարձրաձայնմանը։ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է խորհրդի առաջիկա անելիքներն ու գործունեության առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանրային խորհրդի ծրագրերը և հասարակական ներգրավվածության բարձրացման հնարավոր ուղիները։