Բացել լրահոսը Փակել լրահոսը
520480608_10231879694154752_4347116551899477831_n
A A
Սպորտ

Արոնյանը հաղթել է Նիմանին եզրափակչում և նվաճել Լաս Վեգասի Freestyle շախմատի Գրան Սլեմի տիտղոսը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Լաս Վեգասում անցկացված Freestyle շախմատի Գրան Սլեմ մրցաշարում՝ եզրափակչում գերազանցելով ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանին, ով ներկայումս համաշխարհային դասակարգման 19-րդ համարն է։ Արոնյանը նվաճել է մրցաշարի 200,000 դոլարանոց առաջին մրցանակը։

Եզրափակիչը մեկնարկել է ոչ ոքի արդյունքով, սակայն երկրորդ պարտիայում հաղթանակ գրանցելով՝ Արոնյանը պսակվել է մրցաշարի հաղթող։

Տիտղոսի ճանապարհին նա տպավորիչ հաղթանակներ է տարել շախմատային աշխարհի առաջատարների նկատմամբ՝ խմբային փուլում հաղթելով համաշխարհային թիվ մեկ Մագնուս Կարլսենին, քառորդ եզրափակչում՝ թիվ 2 Հիկարու Նակամուրային, իսկ կիսաեզրափակչում՝ համաշխարհային հնգյակում ընդգրկված Արջուն Էրիգայսիին։

Մրցաշարը տեղի է ունեցել հուլիսի 16-20-ը՝ Լաս Վեգասի հինգաստղանի Wynn հյուրանոցում։ Freestyle Chess Grand Slam-ը անցկացվել է Chess960 ձևաչափով՝ մասնակցությամբ աշխարհի 16 լավագույն շախմատիստների։ Նախ կազմակերպվել է շրջանային փուլ՝ 10+10 բլից խաղերով, որին հաջորդել են կրկնակի դուրսմղման փուլի հանդիպումները։

Այս հաղթանակով Լևոն Արոնյանը ոչ միայն վաստակել է 200,000 դոլար, այլ նաև ամրապնդել է իր դիրքը շախմատի համաշխարհային էլիտայում՝ ինչպես դասական, այնպես էլ freestyle ֆորմատներում։

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 750,000 դոլար։

Լևոն Արոնյանը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։