Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օսկանյան
A A
Քաղաքականություն

Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»․ Օսկանյան

րտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աբու Դաբիում կայացած հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրել է, որ «ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»։

«Թեև հանդիպումը ներկայացվել է մշուշոտ դիվանագիտական բառապաշարով և մշակված պաշտոնական հայտարարություններով, դրա հետևանքները սկսում են արդեն պարզ դառնալ։ Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի։ Սա մանրուք չէ, այլ լուրջ ռազմավարական ու քաղաքական զիջում՝ ուղիղ հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հերթական ճեղք՝ մեր պետության արդեն իսկ փխրուն հիմքերում։

Այժմ Փաշինյանը մեկնել է Բրյուսել և Փարիզ՝ ենթադրաբար այս խիստ խնդրահարույց գործարքի համար եվրոպական աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն ոչ մի արևմտյան ժպիտ կամ բեմադրված լուսանկար չի կարող փոխել այս նախաձեռնության էությունը։ Իր բովանդակությամբ այն աղետ է Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխանության և ազգային անվտանգության համար»,–գրել է նա։

Ըստ Օսկանյանի՝ Փաշինյանի մղումը պայմանավորված չէ խաղաղության համարձակ տեսլականով կամ տարածաշրջանային հաշտեցման սկզբունքային հանձնառությամբ։

«Այն շատ ավելի ցինիկ է՝ և շատ ավելի անձնական։ Նրա հիմնական նպատակը 2026-ի ընտրություններից առաջ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ապահովումն է։ Այս նեղ քաղաքական նպատակին հասնելու համար նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն տարածք, այլև արժանապատվություն, արդարություն և հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Այն, ինչ նա կոչում է «խաղաղություն», դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ՝ պետական ձախողման պաշտոնական փաստաթուղթ։ Ձախողում՝ Արցախը պաշտպանելու։ Ձախողում՝ հայ կյանքերը պաշտպանելու։ Ձախողում՝ ազգային շահը պաշտպանելու։

Նույնիսկ եթէ նման համաձայնագիրը կարող է ժամանակավոր հանգստություն ապահովել՝ ինչը խիստ կասկածելի է, այն չի կարող փոխհատուցել արդեն կրած տարածքային, մարդկային և բարոյական ահռելի վնասները։

Իրականում, այն յոթ տարիներին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, նա առաջնորդել է Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ազգային աղետը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը ոչ միայն հող է կորցրել, այլ նաև վստահություն, ռազմավարական խորություն և դիրք միջազգային ասպարեզում։

Ինչ էլ որ բերի առաջիկա ամիսները, մեկ բան ակնհայտ է և անխուսափելի՝ օրվա իշխանությունը չպետք է որևէ դեր ունենա Հայաստանի ապագան ձևավորելու հարցում։ Նրանք բազմիցս ապացուցել են՝ անկարող են առաջնորդել հայ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։