Նոր բանաձև՝ իսլամական երկրներից. աջակցում են ադրբեջանցիների՝ «Հայաստան վերադառնալուն» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսլամական երկրները անցած երկու շաբաթվա ընթացքում երկրորդ բանաձևն են ընդունել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասի, այս հարցում լիակատար աջակցություն հայտնելով Բաքվի դիրքորոշմանը։ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին, մասնավորապես, կառույցի անդամ տասը երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Իրանն ու ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը, համատեղ կոմյունիկե են ընդունել՝ վերահաստատելով անցած ամիս Ստամբուլում ընդունված պահանջները։
«Գագաթնաժողովի մասնակիցները հիշեցնում են Ստամբուլի հռչակագիրը և Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևը՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների աղետալի վիճակի վերաբերյալ, և վերահաստատում վտարված այդ ադրբեջանցիների՝ իրենց ծագման վայրեր խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադառնալու անօտարելի իրավունքը», - ասված է փաստաթղթում:
Հավաքը հյուրընկալող Ադրբեջանն այն անցկացրել էր Ստեփանակերտում, նախագահ Ալիևն էլ բռնի ուժով հայերից դատարկված քաղաքում, արդարացնելով մոտ երկու տարի առաջ իր կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիան, պնդել էր՝ Բաքուն կշարունակի ջանքերը, որպեսզի «արևմտյան ադրբեջանցիները» վերադառնան Հայաստան՝ «իրենց նախնիների հողեր»։