
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելուն առնչվող նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը 65 կողմ, 30 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելուն միտված օրինագիծը։ Նախագիծը քննարկվում է արտահերթ նիստի շրջանակում՝ արագացված, 24-ժամյա ընթացակարգով, և ժամեր անց նախատեսվում է երկրորդ ընթերցումը։
Պատգամավորները փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու համար ունեն ընդամենը մի քանի ժամ։
Իշխանությունները ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին հայտարարեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ։ Մի քանի օրում մշակվեց օրինագիծ, որը նաև հնարավորություն է տալիս ժամանակավոր կառավարիչ նշանակել, եթե ընկերությունը չկատարի իր պարտականությունները։
Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր նախագիծը, Սամվել Կարապետյանը և ընտանիքը հայտարարեցին՝ եթե գործընթացը շարունակվի, Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վեճ կհարուցվի, և պետությունը ստիպված կլինի փոխհատուցում վճարել։
Նրանց հայտարարությամբ՝ արդեն իսկ ծանուցում է ուղարկվել պետական մարմիններին՝ հղում կատարելով Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության շուրջ 30 տարվա վաղեմության համաձայնագրին։ ՀԷՑ-ը տնօրինվում է նաև Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով։