Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ին ներկայացվեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)

ՀՀ էներգետիկայի ոլորտի գործունեության կարգավորումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) միջոցով։ Այս համատեքստում, երբ լիցենզավորված անձի նկատմամբ հարուցվում է վարույթ կամ դադարեցվում է նրա լիցենզիայի գործողությունը, հաճախ բացակայում են այն իրավական մեխանիզմները, որոնք կապահովեն նման իրավիճակներում կարևոր կամ կենսական ենթակառուցվածքների անխափան ու բնականոն գործունեության շարունակականությունը։ Սա, իր հերթին, կարող է հանգեցնել սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտմանը։

Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ներկայացնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։

Ըստ հիմնական զեկուցողի՝ ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը հանդիսանում են ազգային անվտանգության և հասարակական բարեկեցության հիմնասյուներ։ Սակայն գործող օրենսդրությունը չի ապահովում բավարար իրավական հիմքեր՝ նախապես միջամտելու այն դեպքերում, երբ լիցենզավորված սուբյեկտի գործողություններն արդեն սպառնում են համակարգի կայունությանը կամ սպառողների իրավունքներին։

«Պետական մարմինները ներկայում կարող են արձագանքել միայն փաստացի խախտումներից հետո, այսինքն՝ պոստ ֆակտում, երբ արդեն հասցվել է վնասը։ Այդ կարգավորումները չեն ապահովում անհապաղ արձագանքման հնարավորություն՝ վտանգի կանխարգելման նպատակով, ինչի հետևանքով կարող են առաջանալ հանրային շահերի լուրջ խախտումներ, որոնք իշխանության մարմինների ուշացած միջամտությամբ հնարավոր չէ ամբողջությամբ չեզոքացնել», – նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այս իրավական բացը պարունակում է լուրջ ռիսկեր, քանի որ էներգետիկ ենթահամակարգում ի հայտ եկած թերացումները կարող են շղթայական ազդեցությամբ վտանգել ամբողջ համակարգի կայունությունը։ Այդ պատճառով, ըստ Վարդանյանի, չափազանց կարևոր է ստեղծել իրավական հիմք, որպեսզի կարգավորող մարմինը կարողանա արագ և կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել մինչև անդառնալի հետևանքների ի հայտ գալը։

«Կանխարգելիչ միջոցառումների կիրառումը ենթադրում է, որ հանրային իշխանության մարմիններն ունեն լիազորություն՝ միջամտելու, երբ վտանգը դեռևս հավանական է կամ սկսնակ փուլում է։ Սա անհրաժեշտ է՝ հանրության շահերը պաշտպանելու նպատակով՝ առանց սպասելու բացասական հետևանքների իրականացմանը», – հավելեց պատգամավորը։

Էներգետիկ անվտանգության տեսանկյունից դա նշանակում է երաշխավորել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը և սպառողների պաշտպանության երաշխիքները՝ նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպության գործունեության մեջ արձանագրվում են լուրջ խախտումներ։

Վարդանյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների նպատակն է հանրային իշխանության մարմիններին տալ արդյունավետ կանխարգելիչ լծակներ՝ ոլորտում էական հանրային շահերի պաշտպանության համար։

«Օրինագծով նախատեսվում է՝ երբ լիցենզավորված անձի գործունեությունը դիտարկվում է որպես բարձր ռիսկային, լիազոր մարմինը կկարողանա հաղորդում ներկայացնել համապատասխան պետական կառույցներին, ինչին կհաջորդեն իրավական որոշակի հետևանքներ։ Նաև կսահմանվեն վարույթ հարուցելիս կանխարգելիչ միջոցառումների կիրառման հնարավորությունները, դրանց կարգը և կիրառման առանձնահատկությունները», – ասաց պատգամավորը։