Բացել լրահոսը Փակել լրահոսը
իրանի դեսպան
A A
Քաղաքականություն

Արդյոք Իսրայելը Իրան է մտել Ադրբեջանով․ Իրանի դեսպանի մամուլի ասուլիսը․ ուղիղ (տեսանյութ)

Իրանի դեսպանը չի բացառում՝ Իսրայելը հարվածել է Իրանին՝ օգտվելով Ադրբեջանի տարածքից

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին չի բացառում, որ Իսրայելը Իրանի դեմ հարվածներ հասցնելիս կարող էր օգտվել Ադրբեջանի տարածքից։ Մամուլի ազգային ակումբում ունեցած ելույթում նա նշել է, որ Թեհրանը՝ իր հետախուզական տվյալների հիման վրա, արդեն դիմել է Բաքվին՝ խնդրելով անցկացնել լուրջ հետաքննություն։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ հարևան երկրներից մուտք են գործել Իրանի տարածք։ Այդ պատճառով մեր նախագահը, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջարկել է հետաքննություն իրականացնել։ Կսպասենք արդյունքներին, որից հետո կկայացնենք որոշում՝ ինչպես արձագանքել», – ասել է դեսպանը։

Սոբհանին ընդգծել է, որ «հնարավոր և հավանական է», որ իսրայելական կողմը օգտվել է այդ հարևան երկրի տարածքից։ Նա հիշեցրել է, որ պաշտոնական Բաքուն վստահեցրել էր՝ թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ։

Դեսպանի խոսքով՝ հարցը հենց Իրանի հետախուզության միջոցով է պարզվել, ինչի հիման վրա էլ պաշտոնական դիմում է ուղարկվել Ադրբեջանին։

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով մանրակրկիտ հետաքննել տեղեկությունները իսրայելական ԱԹՍ-ների և ինքնաթիռների հնարավոր ներթափանցման մասին Իրանի օդային տարածք Ադրբեջանի կողմից։ Ալիևը, իր հերթին, հերքել էր մեղադրանքները՝ հայտարարելով, որ նման բան հնարավոր չէ։

Սակայն, ի հեճուկս այդ հայտարարությունների, իսրայելական մամուլը, հղում անելով պաշտպանության համակարգի աղբյուրներին, գրել էր, որ իսրայելական զինուժը գործել է Իրանի «մերձակա» երկրից՝ առանց անուն նշելու։

Դիվանագիտական և ռազմական հարաբերությունների խորացումն Ադրբեջանի և Իսրայելի միջև վաղուց մտահոգություն է առաջացնում Իրանում։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի՝ 2016–2020 թվականներին Ադրբեջան ներմուծված զենքի շուրջ 70 տոկոսը իսրայելական արտադրության է։

Չնայած Բաքվի կողմից կրկնվող հերքումներին՝ Թեհրանը շարունակում է սպասել հետաքննության արդյունքներին՝ հայտարարելով, որ իր պատասխանը կախված է լինելու դրանցից։

Սոբհանին անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» անվան կիրառմանը Հայաստանի տարածքի նկատմամբ՝ հիշեցնելով, որ իրականում Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկն է, և այդ անվանումը չի կարող օգտագործվել այլ տարածքների, հատկապես Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների համատեքստում։

Դեսպանը վերահաստատել է Իրանի կոշտ դիրքորոշումը՝ հայտնելով, որ Թեհրանը մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը գոյություն չունի Հայաստանի տարածքում և չի կարող ունենալ։