Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captվ վ վբվure
A A
Քաղաքականություն

Հորմուզի նեղուցի փակման վտանգ. Մոսկվան, Հռոմը և Նյու Դելի կոչ են անում դիվանագիտության

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզի նեղուցը փակելու առաջարկին, որը պետք է հաստատվի երկրի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։ Հորմուզի նեղուցը, որը կապում է Պարսից ծոցը Օմանի ծոցին և Արաբական ծովին, համարվում է ռազմավարական նշանակության միակ ծովային միջանցքը տարածաշրջանի նավթամթերք մատակարարող երկրների համար։ Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ Օմանին և ԱՄԷ-ին։

Իրանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ սպառնացել էր, որ «նավթային լցանավերը Եվրոպա չեն անցնի», եթե Իրանի ինքնիշխանության դեմ ագրեսիան շարունակվի։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցը լիովին կփակվի՝ կոշտ պատասխանով ուղեկցվող»։

Ի պատասխան՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսն ասել է, որ «նեղուցի խափանումը Իրանի համար ինքնասպանություն կլինի»։

Հորմուզի նեղուցը աշխարհում նավթի առաքման ամենակարևոր կետերից մեկն է․ այս ճանապարհով էներգակիրներ են մատակարարվում Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային և ԵՄ-ին՝ հիմնականում Սաուդյան Արաբիայից, Իրանից, Քուվեյթից, Կատարից և այլ երկրներից։


🌍 Միջազգային արձագանքներ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նոր ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։ X-ում արված գրառմամբ նա հայտնել է, որ ընդգծել են լիցքաթափման և դիվանագիտության անհապաղ անհրաժեշտությունը․

«Վերահաստատել ենք անհապաղ լիցքաթափման, երկխոսության և դիվանագիտության մեր կոչը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության շուտափույթ վերականգնման ուղի»։

Հռոմի պապ Լեո 14-րդը, կիրակնօրյա աղոթքի ժամանակ կոչ է արել դադարեցնել ռազմական բախումները.

«Պատերազմը չի լուծում խնդիրները, ընդհակառակը՝ խորացնում է դրանք։ Թող դիվանագիտությունը լռեցնի զենքերը, թող ազգերը կերտեն իրենց ապագան խաղաղության գործերով»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան և ակտիվացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու համար», – ասված է հայտարարության մեջ։

Թուրքիան ևս մտահոգություն է հայտնել․

«ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները մեծացրել են հակամարտության տարածման ռիսկը, իսկ տարածաշրջանի անկայունությունը բարձրացել է ամենաբարձր մակարդակի»։

Անկարան հորդորել է բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել հարձակումները։