
Իսրայելի հարձակումները Իրանի վրա տանում են տարածաշրջանը լիակատար աղետի. Արաղչի
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարձակումները տարածաշրջանը տանում են լիակատար աղետի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում։
«Որպեսզի կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը, ագրեսիան պետք է դադարեցվի։ Ակնհայտ է, որ ես չեմ կարող գնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, երբ մեր ժողովուրդը ռմբակոծվում է Ամերիկայի աջակցությամբ։ Ցավոք, մենք եկել ենք այն եզրակացության, որ Միացյալ Նահանգները հենց սկզբից մասնակցել է այդ ագրեսիային։ Նրանք հերքում են, բայց մենք ունենք բազմաթիվ ապացույցներ նրանց ներգրավվածության վերաբերյալ», – նշել է Արաղչին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հնարավոր միանալը հակամարտությանը կդառնա ծանր հարված ոչ միայն Իրանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։
Հունիսի 13-ից սկսված հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3500-ը։ Այս տվյալները հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը՝ «Նուր» գործակալության միջոցով։ Սա զոհերի վերաբերյալ առաջին պաշտոնական թարմացումն է վերջին օրերին։ Ավելի վաղ հաղորդվում էր 224 զոհի մասին, մինչդեռ իրավապաշտպանները նշել էին մինչև 657 զոհ:
Հղում անելով Reuters-ի տեղեկություններին՝ հաղորդվում է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Աբբաս Արաղչին մի քանի անգամ շփվել են հեռախոսով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական հարվածները Իրանի տարածքում։ «Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի իր դաշնակցի վրա։ Այդ դեպքում Իրանը կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում», – նշել է Իրանի ԱԳ նախարարը։