
Թեհրանը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ, Իսրայելը հրահանգում է հարվածել Թեհրանի կառավարական կառույցներին
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 20-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարձակումները Իրանի տարածքի վրա։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մի քանի անգամ փորձել է ուղերձներ փոխանցել լուրջ բանակցությունների վերաբերյալ, սակայն Իրանը որևէ բան չունի ասելու մի երկրի, որը, ըստ Թեհրանի, մասնակցում է իրենց դեմ իրականացվող հարձակումներին։
«Մեզ համար ԱՄՆ-ը հանցակից է Իսրայելի հանցագործություններին։ Մենք բանակցելու բան չունենք նրանց հետ», – հայտարարել է Արաքչին։
Միևնույն ժամանակ Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների հետ, մասնավորապես Ժնևում՝ կենտրոնանալով միջուկային և տարածաշրջանային խնդիրների վրա։ Իրանական կողմը շեշտել է, որ իր հրթիռային հնարավորությունները քննարկման թեմա չեն, քանի որ դրանք ունեն բացառապես պաշտպանական բնույթ։
Իրան–ԱՄՆ–Իսրայել հարաբերությունների ֆոնին, նույն օրը՝ ուրբաթ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդես է եկել սուր հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը հրահանգել է ակտիվացնել հարվածները Թեհրանում գտնվող կառավարական կառույցների վրա։
«Մենք պետք է հարվածենք ռեժիմի բոլոր խորհրդանիշներին և բնակչության ճնշման մեխանիզմներին՝ Բասիջ աշխարհազորայիններին, ինչպես նաև ռեժիմի իշխանության հիմնական հենարան հանդիսացող Հեղափոխության պահապանների կորպուսին», – նշել է Կացը։
Այս հայտարարությունն արվել է ի պատասխան վերջին օրերին Իսրայելի կողմից Թեհրանում և Իրանի այլ շրջաններում իրականացված գիշերային և առավոտյան հարձակումների, որոնցով իսրայելական կողմը փորձում է թիրախավորել Իրանի ռազմական և պետական ենթակառուցվածքները։
Արաքչու հայտարարությունը վկայում է, որ Թեհրանը այդ գործողությունները համարում է նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ համակարգված գործողություններ, ինչն էլ դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հնարավոր ցանկացած երկխոսություն։