Բացել լրահոսը Փակել լրահոսը
nXOeVG5j1SciwHWTXc3sYUuiEQHjMD0YQ9sWDcby
A A
Քաղաքականություն

Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Մասկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի միջև հարաբերությունները սրվել են Մասկի՝ Սպիտակ տանն իր առաքելության ավարտից ընդամենն օրեր անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու ազդեցիկ մարդիկ իրենց սոցիալական հարթակներում լուրջ վիճաբանել են:

Նրանց միջև հարաբերությունները լարվել էին օրեր առաջ, երբ Մասկը քննադատել էր Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը՝ այն որակելով որպես «զզվելի» և հայտարարելով, որ դրա պատճառով պետական պարտքը կավելանա։ 

The Associated Press-ը նշում է, որ հունիսի 5-ին Օվալաձև աշխատասենյակում լրագրողները հարց են ուղղել Թրամփին Մասկի կողմից օրինագծի քննադատության մասին, և Թրամփը պատասխանել է, որ «շատ հիասթափված է» Մասկից։

«Իլոնը և ես հրաշալի հարաբերություններ ունեինք։ Վստահ չեմ, որ դա կշարունակվի», - ասել է Թրամփը։

Մասկը, որն ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների՝ 250-ից 300 միլիոն դոլար է ծախսել 2024 թվականին Թրամփի և այլ հանրապետականների քարոզարշավի վրա, անմիջապես արձագանքել է նախագահի խոսքերին։

«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություներում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը, իսկ Սենատում հանրապետականները կունենային 51-49 տեղերի հարաբերակցություն։ Ինչպիսի ապերախտություն», - գրել է նա իրեն պատկանող X սոցիալական հարթակում։ 

Այնուհետև վիճաբանությունը սրվել է, երբ Թրամփը սպառնացել է խզել Մասկի պետական պայմանագրերը։

«Մեր բյուջեում միլիարդավոր դոլար խնայելու ամենահեշտ ձևը Իլոնի կառավարական սուբսիդիաների և պայմանագրերի դադարեցումն է», - գրել է Թրամփն իրեն պատկանող Truth Social-ում։

Ըստ Reuters-ի՝ Թրամփի կողմից Մասկի քննադատությունից հետո նրա էլեկտրական մեքենաների ընկերության՝ Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել՝ 14,3%-ով։ Tesla-ի շուկայական արժեքը նվազել է շուրջ 150 միլիարդ դոլարով։ Սա ընկերության պատմության մեջ շուկայական արժեքի ամենամեծ մեկօրյա անկումն է դարձել։

Այնուհետև Մասկը պատասխանել է՝ «Այո» X-ում արված մի գրառման, որում առաջարկվում էր իմփիչմենթի ենթարկել Թրամփին։ Մասկը նաև գրել է, որ Թրամփի սահմանած մաքսատուրքերը տարվա երկրորդ կեսին ռեցեսիայի կհանգեցնեն երկրում։

Բացի այդ, Մասկը հայտարարել է, որ իր «կառավարական պայմանագրերի չեղարկման լույսի ներքո SpaceX-ն անմիջապես կսկսի շահագործումից հանել Dragon տիեզերանավը», որն օգտագործվում է NASA-ի համար Միջազգային տիեզերակայան տիեզերագնացների և բեռներ տեղափոխելու համար։ Սակայն ժամեր անց Մասկը, կարծես, փոխել է որոշումը։ X-ում պատասխանելով հետևորդներից մեկին, որը Մասկին և Թրամփին խորհուրդ էր տալիս հանդարտվել և երկու օրով հետքայլ անել, Մասկը գրել է. «Լավ խորհուրդ է։ Լավ, մենք շահագործումից չենք հանի Dragon-ը»։  

Նախընտրական քարոզարշավի ժամանակ X, SpaceX, Starlink, Tesla ընկերությունների ղեկավարը սատարել էր հանրապետական Դոնալդ Թրամփին, որի հաղթանակից հետո ղեկավարում էր Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։ Գերատեսչության նպատակն էր պետական ծախսերի կրճատումը։ Հատուկ պետական աշխատողի կարգավիճակով Սպիտակ տանը Մասկի աշխատանքը սահմանափակվում էր 130 օր ժամկետով։ Օրեր առաջ նա ավարտել է իր պաշտոնավարումը ԱՄՆ վարչակազմում։