Նախագահը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30 ամյակին նվիրված համաժողովին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին: Հանրապետության նախագահը հանդես է եկել համաժողովի բացման խոսքով: «Նախ և առաջ շնորհավորում եմ բոլորիս՝ Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ։ Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում կառավարության և Կենտրոնական բանկի կողմից մակրոտնտեսական կայունության ապահովման ուղղությամբ գործադրած ջանքերը։ Դա յուրաքանչյուր երկրի ներդրումային գրավչության հիմնասյուներից է։ Այդ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել բարձր աճի տեմպերը և գրանցել ցածր գնաճ՝ բացառիկ արդյունք՝ համաշխարհային մակարդակով։ Մեր երկրի զարգացման հիմնական ուղղություններն են՝ գիտությունը, կրթությունը և բարձր տեխնոլոգիաները։ Հայաստանը նպատակ ունի ձևավորել տնտեսություն, որը մի կողմից կարտադրի և կարտահանվի տեխնոլոգիական ու նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից՝ զարգացող ենթակառուցվածքների շնորհիվ զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի առևտրային հոսքերը սպասարկելու կարողությունները։ Մենք ձգտում ենք հաստատվել աշխարհում որպես գիտելիքահեն հարթակ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա։ Այս նպատակով կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները՝ դպրոցների և մանկապարտեզների լայնածավալ շինարարությամբ, ինչպես նաև կրթական համակարգի բարեփոխումներով՝ ավելացնելով պետական բյուջեից հատկացումները կրթությանը և գիտությանը։ Մի քանի թիվ՝ 2020 թվականին գիտության ոլորտում ծախսերը կազմել են 13 միլիարդ դրամ, իսկ 2024-ին՝ 32 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.1 տոկոսը։ Կրթության ոլորտում 2020-ի 144 միլիարդ դրամ ծախսերը 2024-ին դարձել են 288 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոսը։ Մեկնարկել է նաև բեկումնային ծրագիր՝ Ակադեմիական քաղաքի կառուցումը, որի նպատակը բարձրագույն կրթության որակի բարձրացումն է և հետազոտական ու մշակումների էկոհամակարգի ձևավորումը։ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ։ Այս ոլորտի լավագույն ավանդույթները վերածվել են միջավայրի, որտեղ միահյուսվում են համաշխարհային տեխնոլոգիական հսկաները՝ NVIDIA, Synopsys, Siemens, Adobe և այլն, ինչպես նաև Հայաստանից սկիզբ առած հաջողակ ստարտափները՝ Pixart, Service Titan, և այլք։ Տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերը, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը։ Լինելով արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի հիմնարար պայմաններից են հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը։ Այս համատեքստում կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, որի ավարտի մասին հայտարարվեց այս տարվա մարտին, և ակնկալվում է համաձայնագրի ստորագրումը։ Մենք հավատում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լինել համախմբող և ինտեգրող գործոն բոլոր երկրների համար։ Միայն բոլոր կողմերի մասնակցությամբ և կենսական շահերի համադրմամբ կարելի է ստեղծել համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ։ Այս նպատակով մենք մեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանում համագործակցության վերականգնմանը և ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերի ակտիվացմանը։ Այս ամենին կարող է նոր թափ հաղորդել արդար հասարակության ձևավորումը և այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում։ Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից են ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։ Հայաստանը մեծ թափով ձեռնամուխ է եղել արդարադատության համակարգի վերափոխմանը և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի կառուցմանը։ Վերը նշված ուղղություններն ու նախաձեռնությունները նպատակ ունեն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք հարթում են ճանապարհը խաղաղ և բարգավաճող Հայաստանի ու Հարավային Կովկասի համար՝ մեր տարածաշրջանի ներդրումն ունենալու գլոբալ տնտեսական զարգացման, բնակչության բարեկեցության բարձրացման և համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, ինչպես նաև Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակի առթիվ։ Մաղթում եմ արգասաբեր աշխատանք»։