«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են:
«Դե մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ, նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեցին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Համեմատությունը Սիմոնյանը տեղին է համարում։ Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարում է՝ ոչ: Արցախ չի՞ եղել. տասնամյակներով միջազգային գերտերությունների հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարց է քննարկվել:
«Ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո, չի եղել, այո, չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի: Բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է», - հայտարարեց ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են, կամ այլ ձևի են, իրենք էլ էդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այս քայլերը, այս հայտարարությունները իր հայելային արձագանքն է, էդքան բան: Ես ասում եմ՝ ինչու է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ, որն է սխալ»:
Դիտարկմանը՝ «մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունները կային, այսինքն՝ երկու տարի առաջ է դա արել», Սիմոնյանն արձագանքեց. - «Ոչ, ոչ, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ»: