Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ1
A A
Հարցազրույց Հասարակություն

Երկրի, ազգի ապագան նրանց չի հետաքրքրում, նրանց միայն իրենց ընտրողների թիվն է հուզում․ Գարիկ Իսրայելյան

Աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը համոզված է, որ յուրաքանչյուր երկիր պետք է հետազոտություն իրականացնի, թե իր քաղաքացիների որքան մասն է հետաքրքրված գիտությամբ, որ տարիքի քաղաքացիներին է հետաքրքրում գիտությունը, և ըստ այդմ թե՛ կրթությունը, թե՛ գիտությունը զարգացնելու ռազմավարություն մշակի։ Նա գտնում է, որ պետությունների ղեկավարները պետք է գիտությունը մասսայականացնելու քաղաքականություն որդեգրեն, քանի որ դա է զարգացման հենքը։ Գարիկ Իսրայելյանի հիմնադրած STARMUS փառատոնը հենց այդ նպատակն է հետապնդում։ Անցած ամիս STARMUS-ը հեռավոր Սանտա Կրուս դե Լա Պալմա կղզում էր։ Փառատոնին մասնակցում էին և դասախոսություններով հանդես եկան միայն մոտ մեկ տասնյակ Նոբելյան մրցանակակիր գիտնականներ։ Մասնակցեցին ու ելույթներ ունեցան բազմաթիվ այլ գիտնականներ, տիեզերագնացներ, աշխարհահռչակ ու հաջողված մասնագետներ տարբեր ոլորտներից։ Իսկ նրանց լսելու, փորձը կիսելու էին եկել հազարավոր ունկնդիրներ։ Փառատոնից հետո STARMUS-ի ու այլ հարցերի մասին «Ա1+»-ը զրուցեց Գարիկ Իսրայելյանի հետ։

- Պարոն Իսրայելյան, STARMUS փառատոնը հաղթահարել է մեծ փորձություն՝ կայացել է, հայտնի և ընդունելի է դարձել գիտության ու արվեստի ոլորտներում։ Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա ընթացքը։

- Կարծում եմ՝ STARMUS-ը պահպանելու է իր ձևաչափը։ Դասախոսությունների տևողությունը, կոնֆերանսներից դուրս ճամբարները, համալսարաններում դասախոսությունները, համերգները, աստղադիտակներով սթար-փարթիները և անպայման՝ Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը։ Մտածում եմ, երաժիշտներից բացի նաև գրողներին, հատկապես գիտաֆանտաստիկ գրողներին ներգրավել մեր փառատոններին։ Կուզեմ, որ յուրաքանչյուր փառատոնին գիտաֆանտաստիկ կամ փաստավավերագրական կինոյի գոնե մի հզոր ներկայացուցիչ հրավիրել, որ դասախոսություններ կարդան։ Հրավիրել այն արվեստագետներին, որոնք աշխատում են գիտության հենքի վրա։

- Ձեր գնահատմամբ՝ աշխարհում ի՞նչ հետաքրքրություն է բարձրացրել STARMUS-ը։

- Փառատոներին երկար ժամանակ է պետք հաստատված լինելու, հեղինակություն ունենալու համար։ Մենք այդ փորձություն անցանք, ու այսօր STARMUS-ը պինդ կանգնած է։ Հիմա անցնելու ենք երկրորդ փուլին՝ ստեղծելու ենք այն պլատֆորմը, որը կայունություն է տալու։ Հիմա այն փուլն է, որ մենք ենք որոշելու, թե որ երկիրը պետք է գնանք և ոչ թե հրավերքի սպասենք։ Նոր ծրագրեր ներգրավենք։ STARMUS-ը եզակի է, մեր ձևաչափով փառատոն չկա։

- Տպավորությունն է, որ STARMUS-ը էլիտաների՝ գիտնականների, արվեստագետների փառատոնն է, որով հետաքրքրված են հիմնականում այդ ոլորտների ներկայացուցիչները։ Այլ մարդիկ դժվարությամբ են գալիս դեպի բարձր արվեստ և գիտություն։ Թեև STARMUS-ի հիմնական նպատակներից մեկն էլ գիտությունն արվեստի միջոցով մասսայականացնելն է։

- Իհարկե գիտության ոլորտի մարդիկ շատ հետաքրքրված են STARMUS-ով, բայց փաստ է, որ STARMUS եկողների ավելի քան 90 տոկոսը գիտության հետ կապ չունի։ Նաև պարզ չէ, թե գիտությունը հանրության քանի տոկոսին է հետաքրքրում։ Այդ թեմայով հետազոտություն չկա։ Օրինակ, հայտնի չէ, թե մարդկանց որքան մասն է գիտությանը հավատում, որքանը՝ ոչ։ Ամենաշատը ինչին են հավատում, կամ որ երկրում, տարիքային որ խմբերում ինչ պատկեր է։ Շատ հետաքրքիր ու շատ կարևոր կլիներ, որ նման հետազոտություններ արվեին։ Շատ եմ փնտրել, բայց չեմ գտել գիտության մասսայականության վերաբերյալ որևէ հետազոտություն, չափում։ Օրինակ, վերջին 20-30-40 տարիներին գիտության նկատմամբ հետաքրքրությունն ի՞նչ միտումներ է ունեցել՝ աճե՞լ է, նվազել է։ Միգուցե երբևէ չի էլ եղել։ Բայց սա շատ կարևոր հարց է երկրների զարգացման համար։ Օրինակ, Չինաստանում այսօր պետական մակարդակով այդ խնդիրը դրված է։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ գիտության մասսայականությունը նույնքան կարևոր է, որքան գիտությունը։

- Ուրեմն Չինաստանը կհաղթի բոլորին։

- Մի բան ակհայտ է, որ Չինաստանում բավականին լավ հասկացել են, որ ժողովրդի կրթական մակարդակը և գիտության հետ կապը պետք է մեծացնել։

- Իսկ ընդհանրապես աշխարհի ղեկավարներին հետաքրքրո՞ւմ է գիտության մասայականացումը, գիտության նկատմամբ հանրային հետաքրքրության բարձրացումը։

- Ոչ, նրանք առաջինն ուշադրություն են դարձնում իրենց ընտրողների քանակն ավելացնելու վրա։ Եթե անգամ գիտնականները նրանց խորհուրդ տան գիտական ինչ-որ հարցերի մասին, նրանք միշտ մտածելու են, թե դա ինչպես կազդի իրենց ընտրազանգվցածի վրա։ Նրանց համար առաջնահերթությունը ոչ թե ճշմարտությունն է, այլ ընտրողների թիվը՝ ավելացնել և նորից վերընտրվել։ Երկրի ապագան, ազգի ապագան նրանց չեն հետաքրքրում, նրանց միայն իրենց ընտրողների թիվն է հուզում։ Իսկ թե դա ոնց կավելացնեն, դա կլինի կրթության որակը նվազեցնելով, մարդկանց հիմարացնելով կամ այլ ձևերով, դա միակ խնդիրն է, որը հետաքրքրում է քաղաքական բոլոր առաջնորդներին։

- Ո՞րն է այդ հարցի լուծումը։ Ընտրողների՞ն գրագետ դարձնել։

- Փակ շղթայի մեջ ենք։ Ընտրողներին կրթելու խնդիրը, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն, դա էլ է իրենց ձեռքին։ Մյուս կողմից էլ խնդիրների պրոֆեսիոնալ լուծումներն ընտրողների հետ կապ չունեն։ Ոչ թե մեկ մարդ պետք է որոշում ընդունի, այլ՝ մասնագետների խումբը։ Եթե ատոմակայանները վտանգավոր են, դրա մասին պետք է խոսեն ատոմակայանների անվտանգության, ապահովության միջազգային մասնագետները, ոչ թե Կանաչների միությունը, քաղաքական գործիչները կամ ժողովուրդը։ Նույնը վերաբերում է ծառերը հատելուն կամ քաղաքի կառուցապատմանը։ Դրանք շատ երկրներում քաղաքական հարցեր են, մինչդեռ զուտ գիտական հարցեր են։ Անգամ հոգեբանները պետք է մասնակցեն նման խնդիրների քննարկմանն ու լուծմանը։

- Իսկ ո՞րն է հիմա գիտության առաջ կանգնած ամենամեծ խնդիրը, որի լուծումը հրատապ է։

- Հավանաբար՝ էներգիայի, երկրագունդը կայուն էներգիայով ապահովելու խնդիրն է։ Արհեստական բանականության, համակարգչային տեխնոլոգիաների օգտագործումն ավելի շատ էներգիա է պահանջում։ Հատկապես եթե կլիմայական փոփոխություններն արագանան, էներգիայի անհրաժեշտությունը կտրուկ կավելանա։ Այդ խնդիրը լուրջ է, և լուծել է պետք։

- Արհեստական բանականություն ի՞նչ փոփոխություններ է բերելու։

- Դա հիմնականում մի խնդիր է լուծելու՝ թույլ է տալու առանց մարդու որոշումներ ընդունել շատ հարցերում, տարբեր ոլորտներում։ Օրինակ, արհեստական բանականությամբ հնարավոր է խոշոր քաղաքներում վերականգնել երթևեկության քաոսը շատ իրական ժամանակում, եթե այն խաթարվում է։ Ասենք, հուսանքի տատանումների պատճառով լուսաֆորների աշխատանքի խափանումը հանգեցրել է երթևեկության խաթարմանը։ Մարդը չի կարող դա անել կարճ ժամանակում։ Դրա համար անհրաժեշտ են չափազանց շատ տվյալներ, դրանց ճիշտ համադրություն ու ճիշտ որոշում։ Իսկ եթե արհեստական բանականության ծրագիրն է այդ ցանցը ղեկավարում, կարող ցանցում առկա տեղեկատվության օգտագործմամբ երթևեկությունը շատ արագ կարգավորել՝ որտեղ է անհրաժեշտ կարմիր լույսը, որտեղ կանաչը և այլն։ Նման ծրագրեր մշակվում են, և հաստատ հասնելու ենք դրան։

- Իսկ Հայաստանում գիտության վիճակն ինչպե՞ս եք գնահատում, մեր գիտական ոլորտն ի՞նչ համագործակցություն կամ հաղորդակցություն ունի միջազգային գործընկերների հետ։

-Հայաստանում գիտնականների քանակը շատ է պակասել, մոտ 2500 գիտնական է մնացել, ու նրանց որակն էլ հայտնի չէ։ Դա արդյունք է այն իրողության, որ Հայաստանը հեռանում է միջազգային գիտական ծրագրերից։ Գնալով՝ պակասում են այն դեպքերը, երբ ներգրավված են միջազգային խոշոր ծրագրերում։ Միակ ճանապարհը գիտնականների մակարդակի կտրուկ բարձրացումն է։

Մենք նաև տարիքային խնդիր ունենք։ Հայաստանի գիտնականները հիմնականում 60-70 տարեկանից վեր կամ մինչև 30 տարեկան են։ Մոտ 20-25 տարվա ակտիվ ժամանակների բաց կա։ Դա ամենակարևոր տարիքային շեմն է։ Համալսարանը նոր ավարտած երիտասարդը եթե ուզում է դիսերտացիա պաշտպանել, նրան ղեկավար է պետք։ 70-ն անց ղեկավարների հետ դժվար է, ղեկավարը պետք է ասպիրանտից միջինը 10-15 տարի մեծ լինի։

Հայաստանը հիմա գիտական ղեկավարների շատ լուրջ խնդիր ունի։ Երիտասարդը կարող է սեփական ուժերով՝ կարդալով, համացանցից է սովորել, ինչպես՝ ես։ Ես համալսարան գնալով չեմ դարձել ֆիզիկոս, կարդալով եմ սովորել։ Բայց ընթացքում նրան գիտական ղեկավար է պետք։ Հայաստանի երիտասարդները դրա համար կամ դուրս են գնում, կամ ձևականորեն մեկը ղեկավար է դառնում։ Արդյունքում շատ ցած որակի դիսերտացիա է գրվում։ Բնագիտության մեջ սա մեծ խնդիր է։ Մյուս կողմից էլ եթե անգամ լավ գիտական ղեկավար ես գտել, գիտական կենտրոններ, լաբորատորիաններ, ակտիվ գիտական մթնոլորտ է պետք։ Դա Հայաստանում չկա Դրսում մեծ մասը համալսարաններում են պաշտպանում, համալսարաններ ունեն իրենց գիտական կենտրոնները։

- Հայաստանում այդ խնդրի ի՞նչ լուծում եք տեսնում։

- Պետք է շատ արագ այնպիսի ծրագիր ընդունել, ինչպես անում են պատերազմների ժամանակ։ Պետք է գիտության, ինժեներիայի մեջ պաշտպանող երիտասարդների համար արագ գիտական ղեկավար բերել սփյուռքից, դրսից։ Կամ՝ երիտասարդներին դուրս ուղարկել։ Միայն աշխատավարձեր բարձրացնելով չէ, պետք է լաբորատորիաներ, ընդհանուր միջավայր ստեղծել։ Դրսում էլ հեշտ չէ, մրցակցությունը մեծ չէ։ Իսկ եթե ներսում պայմաններ լինեն, երիտասարդ գիտնականները ետ են գալու։