Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նպատակ չունեմ իշխանության գալու․ նպատակս իշխանափոխությունն է ու Բաքվում պահվող ընկերներիս վերադարձը (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի շարք կարևոր քաղաքական հարցերի՝ կոչ անելով լրջորեն մտածել իշխանափոխության հնարավորությունների մասին։

Նա ընդգծեց, որ չի պատրաստվում կրկին մեկնաբանել 2018 թ․ դեպքերը՝ «դուք արդեն ունեք իմ հարցազրույցները, նորից մի հարցրեք», – ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ որոշել է ուղիղ եթերում պատասխանել բոլոր հարցերին, երբ դա նպատակահարմար համարի։

Նա մտահոգություն հայտնեց ՀՀ իշխանությունների «լռության» կապակցությամբ՝ Ադրբեջանի ղեկավարի պահանջների վերաբերյալ՝ ենթադրելով, որ նրանք «ձգտում են հաճոյանալ» վերջինիս։

Հիշեցնելով, որ 2021-ին դեմ էր արտահերթ ընտրություններին, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ դա պայմանավորված էր ոչ թե լեգիտիմացման վախով, այլ համոզմամբ, որ Փաշինյանը կրկին կհաղթի, իսկ «մենք կդառնանք կապիտուլյացիայի լեգիտիմացման մասնակից»։

Ըստ նրա՝ այժմ ընդդիմությունը պետք է փորձի կիրառել իմպիչմենտի գործիքը. «Եթե հավատում ենք, որ այս իշխանության ամեն մի օրը վնասում է Հայաստանին, ինչո՞ւ պետք է սպասենք մեկ տարի»։

Սարգսյանը չբացառեց, որ գործող կառավարությունը մինչև ընտրությունները կարող է ստորագրել փաստաթղթեր, որոնք հնարավոր է՝ անդառնալի հետևանքներ ունենան Հայաստանի ինքնիշխանության համար՝ անդրադառնալով, օրինակ, ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերմանը կամ խաղաղության պայմանագրի գաղտնի դրույթներին։

Նա նաև պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերին՝ շեշտելով, որ իր նպատակը իշխանության գալը չէ. «Իմ նպատակն իշխանափոխությունն է և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։ Մնացածը թող վերցնի ով ուզում է»։