Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոչ, չենք պատրաստվում վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերություննեը Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ)

Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած այն հայտարարությունը, որ ներկայիս անվտանգության ճարտարապետությունը արդյունավետ չէ։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը նոր ռազմավարական գործընկերներ է փնտրում, օրինակ՝ Եվրոպայում։

ԱԳ նախարարը պարզաբանեց, որ խոսքը միայն Հայաստանի, այլև գլոբալ միտումների մասին է․ «Տարիներ շարունակ գոյություն ունեցած անվտանգության համակարգը վերջին շրջանում տարբեր տարածաշրջաններում չի գործում այնպես, ինչպես պետք է։ Բայց, իհարկե, խոսում էի նաև Հայաստանի մասին։ Մեր սեփական փորձով տեսանք, որ այդ համակարգը մեզ համար արդյունավետ չի եղել։ Այդ պատճառով մենք ստիպված ենք վերարժեւորել ու կատարելագործել մեր անվտանգության մոդելները, և այդ գործընթացը շարունակվում է»։

Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանի օրակարգում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերաֆորմատավորում չկա. «Մեր պարտավորություններն ու իրավունքները հստակ ամրագրված են փաստաթղթերով, ստորագրված ու վավերացված։ Դրանք որևէ կողմ չի լուծարել։ Այլ հարց է, որ կան մտահոգություններ՝ կապված այդ մեխանիզմների արդյունավետ գործարկման հետ»։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը դժգոհ է կազմակերպության արձագանքից՝ հատկապես կոնկրետ իրադարձությունների առնչությամբ․ «Այդ պատճառով մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում սառեցված է։ Բայց այս պահին ավելի հեռուն գնացող հետևություններ անելու կարիք չկա։ Քննարկումներն ընթանում են, կան և՛ խնդրահարույց հարցեր, և՛ դրական դինամիկա ունեցող զարգացումներ»։

Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանի մոտեցումն ուղղված է առողջ ու կառուցողական գործընկերության։