«Հասարակությունը կպարտադրի արտահերթ ընտրություններ»
«Սա ավազակապետական բուրգի քանդման մեկնարկն է, եթե նույնիսկ հնարավոր է երևակայել, որ փոխպայմանավորվածության արդյունք է»,- ասում է արվեստագետ Գագիկ Չարչյանը' անդրադառնալով Հայ ազգային կոնգրես- կոալիցիա բանակցություններին :
-Վերջին տարիներին մտավորականությունը դարձել է հասարակական-քաղաքական հարթության ինչպես կենտրոնական ֆիգուրը, այնպես էլ թիրախը: Մի կողմից քաղաքացիական դիրքորոշում արտահայտողներին մեղադրում են, որ իրենց գործով չեն զբաղվում, մյուս կողմից մշտապես խրախուսելով պալատական «մտավորականության» մի շերտի, նրանց ներկայացնում են որպես իշխող քաղաքական ուժերի հենարան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը, այն տիպիկ հայկակա՞ն է, թե՞ նկատվում է նման իրավիճակներում հայտնված բոլոր հասարակարգերում:
-Վերջին տարիներին Հայաստանում մտավորականությունն ինքն է դարձել հասարակական-քաղաքական հարթակների ստեղծողը: Ինձ համար չափազանց կարեւոր է տալ մտավորականության սահմանումը ըստ նրա դիրքորոշման եւ ոչ թե կրթության կամ մասնագիտության, ինչպես հիմա ընդունված է:
Մտավորականի ընկալումը առաջին հերթին նույնական է նրա' մարդու սուբյեկտիվության համար արտաքին գործոնների դեմ պայքարի հետ, լինի դա պետություն, ավանդույթ, շուկա թե եկեղեցի: Այսինքն' մտավորականություն ասելով պետք է նկատի ունենալ այն հանրությանը, որը քաղաքացիական դիրքորոշում ունի եւ այդ հարթակները նրանցից յուրաքանչյուրի արմատական ակտիվության արդյունքն են, որտեղ քաղաքական ակտիվությունը խորապես նույնական է մշակութային ակտիվությանը, որտեղ քաղաքականը տարանջատված չէ քաղաքացիականից:
Ես այդպես եմ կարծում: Ես նույնպես շատ անգամներ եմ լսել, որ արվեստագետը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Երբ գերմանացի արվեստագետ Յոզեֆ Բոյսը 70-ականներին իր ստեղծագործական ակտիվությունը տեղափոխեց քաղաքական հարթակներ ու հայտարարեց, որ յուրաքանչյուր մարդ արվեստագետ է ու իր ստեղծագործական հնարավորությունները պետք է ներդնի հասարակական կյանքը փոխելու համար, այն ժամանակվա Գերմանիայի քաղաքական վերնախավը եւ հանրությունը, որ հասարակական հարաբերություններն ընկալում էին արդեն հայտնի կոդերով, նրան մեղադրեցին իր գործից շեղվելու մեջ:
Բայց արվեստի քաղաքականացումը Բոյսի համար ոչ թե ուտոպիա էր, այլ իրական կյանքի վրա ազդելու հնարավորություն: Իսկ հակառակ պարագայում' վտանգը մեծ է, որ արվեստը կծառայի որպես հանդիսանք, ոմանց քաղաքական ամբիցիաների համար, ինչպես եղավ Սովետական Միությունում' 1927 -ից հետո կամ ֆաշիստական Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում:
Դեռ 30-ական թվականներին Վալտեր Բենիամինը իր' «Արվեստի ստեղծագործությունը իր տեխնիկական վերարտադրման ժամանակաշրջանում» աշխատության մեջ հետևյալ միտքն է արտահայտում. եթե արվեստագետը չի քաղաքականացնում արվեստը, կանգնում է քաղաքականությունն էսթետիզացնելու վտանգի առաջ:
Իմիջիայլոց, արվեստը քաղաքականացնել ասելով, ես բնավ նկատի չունեմ միայն այն կուսակցականացնելու հարցը: Այստեղ հնարավոր են իրենց կոնտեքստը ձեւակերպած ամենատարբեր մարդկային ու էսթետիկական նախագծեր: Դա այն երեւույթն է, երբ արվեստագետն աշխատում է հանրությանը խորապես հուզող խնդիրների հետ եւ ունի ոչ միայն քննադատական, այլ իրողությունների վրա ազդելու դիրքորոշում: Հենց սրանով էլ պայմանավորված է քաղաքական մոտեցումը:
Իսկ իշխող համակարգերին սատարելը տիպիկ հայկական երեւույթ չէ: Այն բնորոշ է հատկապես ավտորիտար, կամ կիսաավտորիտար երկրներին: Զարգացած կամ լեգիտիմ իշխանություններ ունեցող երկրներում էլ են երբեմն հանդիպում նման երեւույթներ, իհարկե, ոչ այնքան բացահայտ, ինչպես, ասենք, մեր դեպքում: Նման երեւույթները գնահատվում են որպես սեթեւեթանք իշխանությունների հետ, պայմանավորված' կոռուպցիոն կամ մաֆիոզ փոխհարաբերություններով: Մեզ մոտ դրան ավելանում է «պաշտոնական մտավորականության» բերանով ռեպրեսիաներն ու բռնություններն արդարացնելու, եւ դրանց համար ինչ-ինչ հիմնավորումներ գտնելու հնարքը:
Մարդիկ, ովքեր ղեկավարում են ակադեմիաներ, համալսարաններ, մշակութային միավորումներ եւ այլն, հակված են ներկայացնել իրականության այն պատկերը, որը սրբագրված է իշխանության կողմից: Շարունակելով Սովետական նոմենկլատուրային բնորոշ գործելաոճը, որի անբաժան տարրն է կոռուպցիան ու կաշառակերությունը, նպաստում են մարդու սուբյեկտիվության եւ հասարակության ինտելեկտուալ ու մշակութային ռեսուրսների փոշիացմանը: Պետական ու հասարակական կյանքում այս խորքային խեղվածության, մշակութային դեֆորմացիայի մեջ նրանց ներդրումը ավելի մեծ է, քան ռեալ իշխանություն իրացնողներինը:
-Ամեն դեպքում, իշխանության խոսափողների ու արվեստը քաղաքականացնողների առկայությունը ենթադրում է որոշակի հակադրություն, որը տարալուծվում է քաղաքական ուժերի պայքարին: Կոնկրետանալով' ՀԱԿ-ին ու իշխող համակարգին սատարող արվեստագետների հակադրությունը հասարակության տարբեր շերտերի վրա ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ:
-Կոնկրետ ինձ համար սա առճակատում չէ իշխանությունը վերցնելու նպատակով, այլ արմատական մշակութային փոփոխությունների հասնելու ձգտում, որտեղ մշակութայինը խորապես նույնական է քաղաքականին: Սա շարժում է հանրային կյանքում անընդունելի ձեւերը քանդելու եւ նոր զգացողությունները ձեւակերպելու համար: Այն որեւէ քաղաքական գաղափարի շուրջ կոնսոլիդացված մեկ զանգվածի պայքար չէ, այլ տարբեր սուբյեկտների եւ հանրային խմբերի դինամիկ համագործակցություն' հիմնված բազմակիությունների վրա, որ ցանկացած պահի կարող է տարանջատվել, ու նորից միավորվել այլ ընդհանուր խնդիրների շուրջ:
Սա նոր իրողություններին ընդառաջ մի պրոցես է, որի նպատակը հասարակական գիտակցության փոփոխության հնարավորությունները բացահայտող մեխանիզմների, պայմանների ձեւավորումն է: Այս իմաստով Հայաստանում ՀԱԿ-ը միակ հանրային միավորումն է, որը զբաղված է իրական ինստիտուցիոնալ աշխատանքով եւ փորձում է քաղաքական պայքարի ճանաչելի կոդերին զուգահեռ, կիրառել մեր իրականությանը ոչ այնքան հանրածանոթ մոդելներ:
Այս շարժման ամենակարեւոր նվաճումը հասարակական շարժումների այնպիսի դինամիկայի ստեղծումն էր, որը, հուսով եմ, շարունակվելու է լեգիտիմ իշխանություններ ձևավորելուց հետո էլ: Անհրաժեշտ է ձևակերպել ու պարտադրել նոր իրավունքներ, որոնք կնպաստեն գործունեության, ժամանակի, բարեկեցության, դեմոկրատիայի նկատմամբ հանրության մոտ նոր վերաբերմունքի առաջացմանը:
Ինչ վերաբերվում է իշխանության խոսափողներին, կամ «մշակութային գործիչներին», նրանք, որպես կանոն, ղեկավար կամ այլ պաշտոններ են զբաղեցնում մշակութային, հումանիտար կառույցներում եւ այդ կառույցները, (որ ի սկզբանե կոչված են ծառայելու որպես իշխանությունների վրա հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքներ ու մշակութային արժեքներ գեներացնող տարածքներ), վեր են ածել մաֆիոզ իշխանական բուրգի հիերարխիայում որոշակի տեղ զբաղեցնող օղակների:
Իհարկե, արվեստագետը կարող է համագործակցել կուսակցությունների հետ կամ նույնիսկ ինքը ստեղծել կուսակցություն, օգտագործելով այն որպես պլատֆորմ' հասարակական կյանքի վրա իրական ազդեցություն ունենալու համար, բայց ոչ հակառակը' ծառայել կուսակցությանը կամ իշխանությանը, որպես համր գործիք, այդ նույն հանրային կյանքը աղճատելու եւ նրա ազատությունները սահմանափակելու նպատակով:
-Դեռեւս մի քանի ամիս առաջ իշխանության կողմից կտրականապես մերժվող, բայց նորերս մեկնարկած բանակցությունների օրակարգում քննարկվող արտահերթ ընտրությունների գաղափարը այդ ինստիտուցիոնալ աշխատանքի արդյու՞նքն է, թե՞, ինչպես կարծում է հասարակության մի հատված, պարտադրված է արտաքին ուժերի կողմից, կամ նույնիսկ փոխհամաձայնության, քաղաքական խաղի դրսեւորո՞ւմ է:
-ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական պայքարի ձեւը համակրելի է այն պարզ պատճառով, որ ներգրավում է լայն սպեկտր: Բանակցությունների միջոցով իշխանություններին հանրային պահանջներ պարտադրելը մեր իրականության մեջ քաղաքական պայքարի նոր մոդել է եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:
Սա միանշանակ կարելի է դիտարկել որպես սահմանադրական կարգը վերականգնելու համար 2008-ից սկիզբ առած քաղաքական պայքարի տրամաբանական շարունակություն: Աներեւակայելի է, երբ մի իշխանություն, որի գոյությունը պայմանավորված էր հակասահմանադրական եւ հակաինստիտուցիոնալ գործունեությամբ, ստիպված եղավ վերադառնալ ինստիտուցիոնալ փոխհարաբերությունների դաշտ:
Սա ավազակապետական բուրգի քանդման մեկնարկն է, եթե նույնիսկ հնարավոր է երևակայել, որ փոխպայմանավորվածության արդյունք է: Չեմ բացառում, որ արտաքին ազդեցիկ կառույցները, որոնց անդամագրվել է նաև Հայաստանը, ի վերջո ստիպված եղան հաշվի նստել Հայաստանում քաղաքական պրոցեսների վրա լուրջ ազդեցություն ունեցող ընդդիմության հետ :
-Ուզում եք ասել, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական ու հատկապես քաղաքական գործընթացները սկսեցին զարգանալ միմիայն հանրության գիտակցության փոփոխության արդյունքո՞ւմ:
-Մի ամբողջ տասնամյակ Հայաստանի բնակչությունը զրկված էր երկրում հասարակական կյանքի որեւէ մակարդակի վրա ազդելու հնարավորությունից: 2008-ի նախագահական ընտրություններից հետո հասարակությունը հրաժարվեց խաղալ իշխանության կողմից իրեն պարտադրված խաղը, որ հասկացություններով ապրելու կանոնների վրա էր հիմնված: Այսօր արդեն հասարակության մոտ ամբողջությամբ նոր վերաբերմունք է ձեւավորվել ինչպես իր, այնպես էլ իշխանությունների նկատմամբ:
Հասարակության զգալի մասը գիտակցեց, որ քաղաքականության իրացումն անձամբ իր գործն է: Ենթադրենք' արտաքին աշխարհը մեզ պարտադրում է փոփոխություններ, բայց եթե մենք չունենք այդ փոփոխությունների մասին ոչ պատկերացում, ոչ փորձառություն, ոչ էլ դրանց հասնելու մեխանիզմների ընկալում, ցանկացած միջամտություն անիմաստ է, իսկ ներքին առճակատումները դատապարտված են երկարատեւ եւ անարդյունք պրոցեսների: Քաղաքական եւ հասարակական նոր պրոցեսները իրենց մեջ ստեղծագործական մոտեցում են պարունակում: Իսկ որեւէ միջամտություն ի զորու չէ ապահովելու փորձարարության ու ստեղծագործական այս դինամիկան:
-Մինչ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, այսպես կոչված' ալտերնատիվ կամ երրորդ ուժ ներկայացողների մի հատված էլ հանրային ոլորտներում համառորեն պնդում էր, որ ՀԱԿ-ը պետք է ուժային, հեղափոխության ճանապարհով հասնի իշխանափոխության, ծաղրելով նրա որդեգրած' Սահմանադրական ճանապարհը: Հնչում էին կարծիքներ, որ այդ ճանապարհն ուղղակի իրատեսական չէ: Հիմա էլ, երբ երկխոսություն սկսվեց, շշուկներ տարածվեցին, որ պայմանավորվել են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը:
-Ոմանց մոտ սա երևակայության բացակայության, երևույթները միաչափ ընկալելու արտահայտություն է, իսկ մյուսների մոտ' սեփական քաղաքական օրակարգի եւ իրողությունների վրա ազդեցություն ունենալու, հանրային կոմունիկատիվ մոդելների ստեղծման, սեփական գործողությունների գոնե մոտավոր ռազմավարության բացակայության հետեւանք:
Այս մարդիկ փորձում են ինքնահաստատվել ռեպրեզենտատիվ, պաթետիկ ու դեկլարատիվ հայտարարությունների միջոցով, փորձելով ՀԱԿ-ին պարտադրել մի բան, ինչից անգամ իրենք են հրաժարվում: Իշխանությունն ամեն գնով վերցնելու գաղափարը կարող էր ծնվել այս իշխանություններից ոչնչով չտարբերվող մարդկանց գլուխներում միայն: Ես հակված չեմ լուրջ վերաբերվել այդ ուղին մատնանշող մարդկանց մեղադրանքներին, որովհետեւ դրանք արվում են առանց որեւէ լուրջ փաստարկի եւ անընդհատ կառուցվում են դավադրության տեսությունների սկզբունքով:
Ի դեպ' վերջերս «Եվրանյուզ»-ով եգիպտական հեղափոխության մի մասնակից մեկնաբանելով հետհեղափոխական ճգնաժամը, ասաց' երբեք չեմ ցանկանա, որ որեւէ երկրի ժողովուրդ զինված հեղափոխություն տեսնի: ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է իր որդեգրած քաղաքական պայքարի առաջնահերթությունների մասին, եւ ներկայացրել այդ պայքարը վարելու իր մեթոդները:
-Եվ վերջապես, հետեւելով գործընթացների տրամաբանությանը, բացի երկխոսությունից, կրիտիկական զանգվածի աջակցությունն, այնուամենայնիվ, անհրաժե՞շտ է աշնանն ակնկալվող արտահերթ ընտրություն անցկացնելու համար, կամ որքա՞ն է իրատեսական արտահերթի գաղափարը:
-Կպատասխանեմ կարճ, քանի որ շատ խոսվեց այս հարցերի շուրջ: Առանց հանրության աջակցության այս բանակցությունները չէին կարող սկսվել, իսկ արտահերթ ընտրություններ, վստահ եմ, հասարակությունը պարտադրելու է այս իշխանություններին:
Զրուցեց Գայանե Առուստամյանը