Ռոբերտ Քոչարյանը ռուսական «շպիոնի» կարգավիճակում հայտնված անձ է․ Ալեն Սիմոնյան. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե անգամ այս ուրբաթ Հայաստանում անցկացվեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհաղթի՝ հավաքելով 50+1 տոկոս ձայներ։ Սիմոնյանը հիշեցրել է, որ 2021-ի ընտրությունները օրինական են եղել, և ներկայիս իշխանությունն ունի ժողովրդի վստահությունը։
Խոսելով ընդդիմության՝ վարչապետի իմպիչմենտի նախաձեռնության մասին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ գործող իշխանությունն այսօր էլ ամենամեծ աջակցությունն ունի։ Նրա խոսքով՝ անգամ 2026-ին ՔՊ-ն կարող է առավել մեծ թվով ձայներ ստանալ։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Սիմոնյանը նրան մեղադրել է ռուսական շահերին ծառայելու մեջ.
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,– հայտարարել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ սա իր քաղաքական գնահատականն է, և ինքը՝ որպես քաղաքական գործիչ, հայտարարելու ազատություն ունի։ Սիմոնյանը նշել է, որ Քոչարյանի խմբակցության անդամների հայտարարությունները շատ հաճախ համընկնում են ռուսական կողմի տեսակետների հետ։ Օրինակ, Գյումրիի քաղաքապետը, որն ըստ Սիմոնյանի սատարում է Քոչարյանին, հրապարակավ արտահայտվել է այն տեսակետի օգտին, թե Հայաստանը պետք է միանա Ռուսաստան–Բելառուս միութենական կազմին։
Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները շարունակվում են
Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն նա չի մանրամասնել՝ ընդգծելով, որ գործընթացը նուրբ է։ Նա հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել, այդ թվում՝ պահանջելով, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։
Հայկական կողմը պնդում է, որ Սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, և փաստաթղթի փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։
Մեկնաբանություն Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱԺ նախագահը անդրադարձել է ապրիլի 29-ին Նոր Նորքի վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ պետական պաշտոնյան պետք է զսպվածություն դրսևորի նույնիսկ սադրանքի պայմաններում։ Նրա խոսքով՝ խոսքի ազատությունը չպետք է վերածվի լկտիության։
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ վեց անձի նկատմամբ։ Նրանց թվում են վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ակտիվիստ Արթուր Չախոյանը և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Տարբեր մեղադրանքներով նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։