Սերժ Սարգսյանի վստահված անձը արդարադատություն է պահանջում
«Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող կալանավորները Սերժ Սարգսյանից եւ արդարադատության նախարարից պահանջում են վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Գողության մեղադրանքով 4 տարի ժամկետով ազատազրկված Արտյոմ Հակոբյանը, որը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի վստահված անձը, տեղեկացրել է, որ այլեւս չի դիմանում իրավապահ համակարգի կողմից թույլ տրվող ապօրինություններին եւ մտածում է կյանքի հետ հաշիվները մաքրելու մասին:
Նա արդեն մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Արտյոմ Հակոբյանը հավաստիացնում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ավելի քան 30 կալանավորներ ապօրինի պահվում են բանտում, այնինչ օրենքով նրանց վրա պետք է տարածվի պայմանական վաղաժամկետ ազատման կարգը:
-Դուք ընդունե՞լ եք Ձեզ ներկայացված մեղադրանքը:
-Այո, մեղադրանքը ես ընդունել եմ եւ պահանջել եմ արագացված դատ այն պարզ պատճառով, որ խնամքիս կինս է, երկու երեխաներս, հիվանդ մայրս, քույրս, որ ծանր հիվանդությամբ է տառապում եւ եղբայրներս: Իմ ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում: Ոչինչ իրենք հաշվի չառան ու ինձ դատապարտեցին 4 տարի ազատազրկման:
-Իսկ ի՞նչ գողություն եք արել:
-Ավտոմեքենայի մագնիտոֆոն, հայելի եւ այլ մանր-մունր իրեր:
-Որքան գիտեմ, մինչ դատապարտյալի աթոռին հայտնվելը, Դուք աշխատել եք Սերժ Սարգսյանի նախընտրական թիմում եւ ընտրությունների ժամանակ եղել եք նրա վստահված անձը: Ինքնակա՞մ էիք գնացել պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ Ձեզ հրավիրել էին:
-2008 թվականի ընտրությունների ժամանակ ես լինելով վստահված անձ, աջակցել եմ իրենց, իրենց կողքն եմ եղել Ավան-Առինջում: Իմանալով իմ ընտանեկան վիճակը, նաեւ այն, որ տունս գրանցված չէ, խոստացան, որ ամեն ինչ կանեն ինձ համար, տունս էլ կսեփականաշնորհեն: Եղբայրս՝ հորեղբորս որդին, ինձ հետ հավասար պայքարում էր իրենց համար, նույնպես վստահված անձ է եղել, մեր շենքի լիազորն էլ մեզ հետ: Տարոն Մարգարյանն էր, իրենց կողմից ենք պայքարել, որ այդ մարդը ընտրվի: Այսօր հասել է այդ պաշտոնին, Նախագահի աթոռին, հեռուստացույցով մի բան է արդեն ասում, իսկ իրականում այլ բան է հրամայում: Վերջում իրենց խոստումները չկատարեցին: Թեպետ թիմի մի մասին տված խոստումները կատարեցին, բայց շատերինս, այդ թվում՝ իմը, չկատարեցին, որովհետեւ ես անտեր եմ, ինչպես ասում են, թիկունքիս մարդ չկա կանգնած, հայր չկա: Կալանավորվելուց հետո էլ խոստացան գումարներով աջակցել, դա էլ չկատարեցին:
-Իսկ գումար ո՞վ է խոստացել:
-Մեր հիմնարկի պետը, Բաղդասարյան Լյովան, «Վարդաշեն» ՔԿՀ նախկին պետը: Ես նրա դեմ բողոքել եմ, բայց իմ թիկունքին կանգնած մի մարդ, որին ես հարգում եմ եւ չեմ կարող անունը նշել, ինձ համոզեց բողոքը ետ վերցնեմ: Խղճալով նրա ընտանիքին, ես ետ վերցրի, որովհետեւ մենակ չէի էլ կարող պայքարել: Հիմա մենակ չեմ:
-Քանի՞ հոգի եք եւ կոնկրետ ի՞նչ եք պահանջում:
-Վերջին մի քանի ամիսների ընթացքում վաղաժամկետ ազատ արձակման հարցով վարչական հանձնաժողովին մենք ներկայացրել ենք 41 դիմում, որից 29-ը մերժվել է: Սա ՀՀ «Քրեական օրենսգրքի» պահանջների անտեսում է, ապօրինություն: Իսկ եթե օրենքով առաջնորդվեին, կարելի կլիներ ազատ արձակել ավելի շատ դատապարտյալ, քան համաներմամբ ազատեցին:
Արդեն 3 տարի է` այս վիճակն է՝ դատապարտյալները ապօրինի են պահվում ՔԿՀ-երում: Մենք արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւս մեկ անգամ կոչ ենք անում կատարել դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման եւ խիստ ռեժիմներից ավելի մեղմ ռեժիմ տեղափոխելու իր խոստումը:
Այս հարցը լուծելու փոխարեն նա հեռուստացույցով հայտարարում է, որ եթե մեզ բաց թողնեն, երաշխիքներ չկան, որ կրկին հանցագործություն չենք կատարի: Զարմանում եմ, դա ի՞նչ արտահայտություն է եւ ի՞նչ կապ ունի օրենքի հետ: Ով հանցագործություն կկատարի, թող էլի դատեն, իսկ չի կատարի, կգնա իր ընտանիքին տիրություն կանի: Դա նախարարի ի՞նչ ասելու բանն էր: Այսօր ես օրենքով պետք է ազատության մեջ լինեի, ոչ թե այստեղ:
-Իսկ ինչպե՞ս են հիմնավորում, բացատրո՞ւմ են, թե ինչու չեն կիրառում օրենքը եւ ինչու ձեզ ազատ չեն արձակում:
-Մեզ ասում են, որ վերեւից են հրաման տալիս, որ ձեզ չաջակցենք:
-Ո՞վ է ասում եւ ովքե՞ր են վերեւից հրաման տվողները:
-ՔԿՀ վարչության պետն ու տեղակալները, մատնացույց են անում Նախագահին, ասում են նախագահականից է այս ամեն ինչը թելադրվում: Բայց չի կարող այսպես լինել: Ինչպե՞ս կարող է նախագահը հեռուստացույցով հայտարարել արդարադատության մատչելիության մասին, ասել, որ իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ, հայտարարում է համաներումներ, իսկ ներքին կարգով հրամայում նման ապօրինություննե՞ր: Չեմ հասկանում, հնարավո՞ր է, որ Նախագահն իր երկրի հարստության՝ մարդու դեմ նման նվաստացուցիչ պայմաններ կիրառեր:
-Իսկ իրեն՝ Սերժ Սարգսյանին դիմե՞լ եք:
-Գիտեք ինչ, նա երկու համաներում է հայտարարել, այդ համաներումը մեզ վրա չի տարածվել, որովհետեւ մեզ ասել են, որ այն միայն քաղաքական բանտարկյալների համար է: ՔԿՀ-ից էլ առանձնապես համաներման տակ ընկած դատապարտյալներին չեն ներկայացրել, նրանց պատժաժամկետը կարճելու կամ վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու համար: Այսօր Հայաստանում այն վիճակն է, որ ընտանիքները երկրի հարստությունը չեն համարվում եւ լիովին անտեսվում են: Իսկ կալանավայրերում հայտնված մարդիկ, թեկուզ հանցագործություն կատարած, իրենց պատիժը կրելուց հետո պետք է համարվեն այս հասարակության մի մասը, նրանք էլ մարդ են եւ ունեն ընտանիքներ:
Ի վերջո, սկսում եմ մտածել, որ մեզ վրա օրենք չեն կիրառում, որպեսզի մենք ազատության մեջ հայտնվելով, չվերցնենք մեր ընտանիքները եւ չլքենք երկիրը: Մեր նկատմամբ հանցագործություն են կատարում, զրկելով մեզ մեր ընտանիքները վերականգնելու իրավունքից: Այստեղ մեր ընտանիքներին պահելու համար ոչ մի պայման չկա որովհետեւ եթե օրենքով շարժվեն, Հայաստանում պատիժ կրող մոտ 6000 կալանավորներից առնվազը կեսին պիտի ազատ արձակեն: Մեզ մոտ, օրինակ, կարող է մնալ միայն մոտ 20 դատապարտյալ:
Իմիջիայլոց, նաեւ չեն ազատում, որպեսզի կարողանան տնօրինել դատաիրավական բարեփոխումների համար Եվրոպայից հատկացվող գումարները: Թիվ պիտի ներկայացնեն չէ՞, դրա համար: Եթե չլինի կալանավոր, գումարներ չեն հատկացնի կամ քիչ կհատկացնեն: Դրա համար են երեւի մեզ այստեղ պահում: Մի խոսքով, մենք արդեն չգիտենք ինչ անենք, ում դիմենք, մեզ փորձադաշտ են դարձրել: Բայց իմ պայքարն այսօր մինչեւ վերջ է, եթե իմ արյունն էլ քամվի, ես պայքարելու եմ արդարության համար:
Զրուցեց Գայանե Առուստամյանը