Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնում են արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու (տեսանյութ)

Հարցազրույց
97730f37230ef25c05ef5af77363e88c

ՀԱԿ-ը չի  պատրաստվում որեւէ տնտեսական հարց քննարկել ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքում: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի պատվիրակների շարքում ընդգրկված ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

-         Մենք իշխանությունների ներկայացուցիչների հետ գնում ենք քննարկենք արտահերթ ընտրությունների հարցը՝ հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական տնտեսական, սոցիալական ճգնաժամային իրավիճակը, որը պայմանավորված է ոչ լեգիտիմ իշխանության գոյությամբ: Այս պայմաններում վիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններն են: Թե ովքեր են ասում, որ պետք  է տնտեսական հարցեր քննարկենք, ես տեղյակ չեմ: Տնտեսական հարցերն իշխանություններն իրենք իրենց մեջ  պետք է քննարկեն:

-         Այն, որ երկրի տնտեսության վիճակը լուրջ է, վկայում են նաեւ իշխանությունների հայտարարությունները: Օրինակ' օրերս վարչապետը ,խոսելով միգրացիայի մասին,  նշեց, որ ՀՀ-ից ամենամեծ թվով  արտագաղթը եղել է 1991-95թթ.:Համամիտ ե՞ք այս տեսակետի հետ, այս հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:  

-         Որեւէ մեկը չի հերքում, որ 1991-95թթ. մարդիկ տարբեր պատճառներով լքել են Հայաստանը: Ես չեմ հասկանում, թե այսօրվա արտագաղթի մասին խոսելիս' վարչապետը ինչո՞ւ է նախկին թվերի հետ կապում: Նախկին իշխանություններից որեւէ մեկը չի էլ փորձել հերքել, որ այդ տարիներին արտագաղթ է եղել՝ տնտեսության վիճակն է, պատերազմական տարիներ, Հայաստանում բազմաթիվ ադրբեջանահայեր կային, որոնք չկարողացան համակերպվել, իրենց տեղը չգտան: Այն ժամանակվա պայմաններն օբյեկտիվ էին, թեկուզ ես դա չեմ արդարացնում, պետությունն ավելին պետք էր աներ, սակայն այսօրվա իրավիճակը բոլորովին այլ է: Այսօր արտագաղթի մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ավելի լավ կանեն պատճառների մասին խոսեն եւ ոչ թե համեմատություններ անեն:

-         Տիգրան Սարգսյանը վերջերս նաեւ հայտարարել է, որ ՀՀ-ն այսօր 3 միլիոն բնակիչ ունի, իսկ արտերկրում մենք 2 անգամ ավելի շատ հայրենակիցներ ունենք եւ դրա պատճառն այն է, որ մենք այսօր կարողանում ենք ազատ տեղաշարժվել: Նրա խոսքերն համոզի՞չ են:

-         Ես չգիտեմ, թե վարչապետն ինչու  է ասում, թե մենք 3 միլիոն բնակչություն ունենք: Նա պետք է, որ ծանոթ լինի վիճակագրության տվյալներին, որտեղ նշված է, որ մենք ունենք 3 միլիոն 200 հազար բնակչություն: Եթե նա գտնում է, որ 2008-2011թթ,  արդեն 200 հազարը գաղթել են, դա ուրիշ հարց է: Թվերի հետ չի կարելի խաղալ, առավել եւս ազգաբնակչության: Իրականությունն այն, որ ՀՀ բնակչությունը 2,5 միլիոնից ավել չի կարող լինել: Ես կարծում եմ, որ իշխանություններին ոչ թե ազգաբնակչությունն է անհանգստացնում, այլ այն գումարները, որոնք նախորդ տարիների համեմատ այս տարի չեն մտնի նրանց գրպանը: Ազգաբնակչությունը հեռանում է, սպառողների թիվը պակասում եւ նրանց գրպանների գումարներն էլ հետը: Կա նաեւ երկրորդ հանգամանքը՝, երբ հրապարակվեցին վերջին 6 ամսվա պաշտոնական տվյալները, մենք տեսանք, որ ընդամենը 2 տոկոս տնտեսական աճ կա: Դա պայմանավորված է արդյունաբերության աճով, իսկ արդյունաբերության մեջ, բացի լեռնահումքային արդյունաբերությունից այլ բան չկա: Այսինքն՝ 2 տոկոս աճը տեղի չունեցել  որակական աճ ապահովելու միջոցով: 

-         Տիգրան Սարգսյանը նաև հայտարարել է, թե կապիտալի արտահոսքի վերաբերյալ կառավարությունն ունի հստակ պատկերացումներ, ահագնացող երևույթներ ներկայումս չկան եւ անհիմն են այն մտահոգությունները, թե Հայաստանից մեծ թվով կապիտալի արտահոսք է տեղի ունենում Վրաստան:

-         Երեք տարի շարունակ մենք տեսնում ենք իշխանությունների հավաստիացումները տարբեր հարցերով: Հայտարարեցին,թե ՀՀ-ում ճգնաժամ չկա, հետո պարզվեց՝ կա եւ ՀՀ-ն ճգնաժամից դուրս չի եկել: Հիմա պարզվում է, որ Հայաստանից կապիտալի արտահոսք չկա, բայց հավատացեք, որ կա: Մի քանի ամիս հետո կլսենք, որ ՀՀ-ում տնտեսության վիճակը վատ է, քանի որ մեր երկրից կապիտալի արտահոսք է տեղի ունեցել: Իրականում այդպես էլ պետք է լինի, քանի որ Վրաստանում տնտեսական գործունեության ծավալելու համար կան ավելի լավ պայմաններ՝ ցածր հարկեր, ադմինիստրատիվ քիչ միջամտություն եւ այլն: Վարչապետը լավ կանի խոսի, թե վերջին տարիներին, որքան ներդրումներ են եղել Հայաստանում եւ կտեսնի, որ խոսելու տեղ չունի: Forbes-ից նեղանալու փոխարեն, թող ուշադրություն դարձնի այն փաստին, որ ՀՀ-ում որեւէ նոր ընկերություն ներդրում չի կատարում, բացի այն երկրներից, որոնք այստեղ սեփականություն ունեն՝ ՌԴ, Ֆրանսիա եւ այն անհատները, ովքեր այստեղ արդեն բիզնես ունեն:

-         Վարչապետը նաեւ վստահեցրել է, որ վերջին 5 տարում կառավարությունը լուրջ խնդիրներ է իրականացել ծնելիությանը խթանելու համար, օրինակ' ծննդօգնությունն անվճար է:

-         Ես համոզված եմ, որ այդ գործն էլ կտապալվի: Այս իշխանություններն ինչին ձեռք են տալիս, չորանում է: Լավ կլիներ, որ իշխանությունները ծննդաբերության  հարցերով չզբաղվեն: Թող պայմաններ ստեղծեն, մարդիկ կարողանան աշխատել: Անիրավ երկրում մարդիկ ինչպե՞ս մտածեն ծննդաբերության մասին: Մի կերպ ապրում են:  Իշխանությունները թող  մտածեն, թե ինչ է սպասվում Հայաստանին վաղը, մյուս օրը:

-         Ի՞նչ է սպասվում:

-         Եթե այսպես շարունակվի. մենք մի օր կարթնանաք եւ կտեսնենք, որ պետություն էլ չկա: Այն ինչ այսօր կատարվում է Հրազդանի երկաթի հանքում: Ո՞ր մի նորմալ, մտածող իշխանությունը կգնար այդ քայլին. 500 աշխատատեղի համար 500 միլիոն դոլարի չգիտեմ ում գրպանն է գնալու:   Մի ամբողջ Հրազդանի շրջկենտրոնի բնակիչներին պետք է ասեն վեր կացեք գնացեք, այդտեղ գերակա շահ է ճանաչվել: Ընդհանրապես երկաթի արդյունահանումը շատ ավելի վտանգավոր է, քան ոսկունը  կամ այլ մետաղինը: Ես չեմ խուսափում ասել, որ մեր երկրում ցանկացած տնտեսական ծրագրի մեջ անձնական շահ կա: Նույնը Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ 7 հարկանի հյուրանոց կառուցելու նախագիծն է: Այսօր մեր երկրում որեւէ որոշում առանց Սերժ Սարգսյանի չի լինում, ինչպես ժամանակին առանց Ռոբերտ Քոչարյանի չէր լինում: Այդ հյուրանոցը հաստատ Թամանյանը չի նախագծել: Երեւանի ոչ մի հատակագծում նման հյուրանոցի կառուցում չկա: Այդ մարդիկ բետոնի ասֆալտի նկատմամբ մեծ եւ անբացատրելի սեր ունեն: Սա վերջն է:

-         ՀԱԿ-ի որոշ անդամներ արդեն հայտարարել են, որ եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը իշխանություններն արտահերթ ընտրություններ չհայտարարեն, ապա ջրբաժան կլինի: Տնտեսության վիճակն ինչպե՞ս կանդրադառնա այդ ջրբաժանի վրա:  

-         Կարեւորագույն նշանակություն կունենա: Քաղաքական հարցերի հիմքում տնտեսությունն է, բայց, քանի դեռ քաղաքական հարցը չի լուծվել, տնտեսականը չի կարող լուծվել: Չի կարող փոխվել տնտեսական համակարգը՝ պահպանելով քաղաքականը:

-         Իսկ եթե իշխանությունները չհամաձայնվել գնալ արտահերթ ընտրությունների, ին՞չ է սպասվում, սրացումնե՞ր:

-         Միանշանակ կլինեն սրացումներ: Այդ հարցը մենք քննարկում ենք ժողովրդի հետ, այն մարդկանց հետ, ովքեր գալիս են հանրահավաքի: Այդ հարցը բարձրացված է այդ մարդկանց կողմից եւ ոչ թե քաղաքական ուժերի:

-         Ինչպե՞ս կարող են արտահայտվել այդ սրացումներ, շուրջօրյա հանրահավաքների միջոցո՞վ:

-         Չի բացառում նաեւ այդ տարբերակը: Տարբեր միջոցներ կան: Բոլոր այն միջոցները, որոնք օրենքի շրջանակներում թույլ են տալիս պահանջել այս իշխանությունների հրաժարականը: Երեք- չորս ամիս շարունակ հեռուստատեսությամբ մենք տեսնում ենք Եգիպտոս,Եմեն եւ այլն:

-         Մենք ոչ պակաս նախադեպ ունենք, որը շատ ողբերգական ավարտ ունեցավ՝ 2008թ. մարտի 1-ը: Ի՞նչ երաշխիք, որ այն չի կրկնվի:

-         Այս, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն չկրկնվի: Իշխանությունն  ինքը պետք է որոշի իր քայլը, մենք մեր քայլերը հստակ ենք որոշել:  

-         Իշխանություններն հայտարարում են, որ արտահերթ ընտրությունների համար իրավական  որեւէ հիմք չեն տեսնում: Դուք տարբերակ ունե՞նք:

-         Մենք իրենց իրավիճակից լուծում ենք առաջարկում արտահերթ ընտրություններ, թող իրենք մտածեն' ինչ անեն: Եթե ցանկություն ունեն, ճանապարհ կգտնեն: Օրինակ' լավագույն  ձեւ ՝ բոլորը հրաժարվում են իրենց մանդատներից:   Եթե քաղաքական հարցին ցանկանում են լուծում տալ, իրավական ձեւակերպում միշտ էլ կարող են գտնել:

-         Ձեր կարծիքով իշխանությունները կգնա՞ն արտահերթ ընտրությունների:

-         Այո:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը