Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captqwqure
A A
Քաղաքականություն

Բաշխվել են Գյումրիի նորընտիր ավագանու անդամների մանդատները. Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ  հանձնեց Գյումրիի նորընտիր ավագանու անդամներին։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մանդատները տրամադրվեցին անցողիկ շեմը հաղթահարած ուժերի լիազոր ներկայացուցիչներին: Մինչ մանդատների հանձնումը, հանձնաժողովը քննարկեց ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածուի գրանցման  ուժը կորցրած ճանաչելու մասին և Գյումրի համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին հարցերը: 

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  նախագահ Արթուր Ղազարյանը նշեց, որ մինչ այդ ստացել են ինքնաբացարկի երկու դիմում՝  մանդատից հրաժարվել են «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։  

Համաձայն ընտրությունների արդյունքների՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 մանդատ:  

Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Սպասվում է, որ այդ օրն ավագանին քաղաքապետ կընտրի։ Ավագանու ընդդիմադիր ուժերից երեքը՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն անցած օրերին կարծիքներ են հայտնել, որ ՔՊ-ն էլ ավագանու նիստում պետք է քաղաքապետի թեկնածու առաջադրի։