Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ. Օվերչուկ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան կարող է վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանը ընտրի Եվրոպական միության ուղին։
Նրա խոսքերով՝ նման ընտրությունը կպահանջի հստակ կողմնորոշում Երևանի կողմից, քանի որ Եվրասիական տնտեսական միությունն (ԵԱՏՄ) ու Եվրոպական միությունը (ԵՄ) ունեն նմանատիպ օրակարգեր, և երկու կողմում միաժամանակ լինելը «անհնար է»։
«Եթե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, ապա պետք է վերանայել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը։ Ցավոք, դա կանդրադառնա Հայաստանի քաղաքացիների կյանքի մակարդակի վրա, ինչն, իհարկե, մենք չէինք ցանկանա», — հայտարարել է նա չինական Բոաո քաղաքում կայացած հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ արդեն ծանոթացել է ՀՀ Ազգային ժողովում ընդունված օրենքի տեքստին, որը վերաբերում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին․
«Այն բավականին ընդհանուր է՝ ‘բոլոր լավ բաների օգտին, վատ բաների դեմ’ ոճով, սակայն սա Հայաստանի ներքին գործն է»։
Օվերչուկն ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս շարունակում է ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակում և իր «դրական ներդրումն է բերում եվրասիական ինտեգրման գործընթացում»։
Նա հիշեցրել է նաև, որ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 12.7 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը ավելի քան 50% աճ է։ Միաժամանակ՝ ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 2 միլիարդ դոլար՝ նվազելով 12%-ով։
«Սա ցույց է տալիս, թե որքան շահավետ է առևտուրը ԵԱՏՄ-ի, և որքան՝ Եվրոպայի հետ։ Այժմ հայերը պետք է որոշում կայացնեն», — եզրափակել է նա։