«Ես տնտեսական քաղբանտարկյալ էի» (տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջիններից էր, ով արձագանքեց արտագաղթի տեմպերի եւ հետեւանքների մասին: Խնդրին վերջերս անդրադարձավ նաեւ ներկայիս վարչապետն, որն այս հարցում անհաջող կատակ արեց: Երեկ արդեն արտագաղթի առիթով իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել Սերժ Սարգսյանը:
Այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում Հրանտ Բագրատյանը մեկ անգամ եւս ահազանգեց.
- Այսօր Հայաստանից արտագաղթ չկա, Հայաստանից կա մարդկանց պլանավորված արտահանում: Սրանք տարբեր բաներ են: Այսինքն` մենք ունենք ավելի վատ վիճակ: Արտագաղթն այն է, երբ մարդը ինքն է որոշում գնալ հայրենիքից, իսկ Հայաստանում դու էլ չորոշես, քեզ ստիպում են գնալ հայրենիքից:
- Ինչո՞ւ են ստիպում:
- Որպեսզի դու գնաս փող աշխատես, ուղարկես այստեղ ապրող քո հարազատներին: Դրանից պետությունն ու օլիգարխները փող են աշխատում: Ինչքան շատ է փող գալիս, այնքան բիզնեսի դաշտն ավելի է մեծանում: Եթե այդ արտագաղթը, ավելի ճիշտ` մարդկանց արտահանումը չլինի, օլիգարխների բիզնեսը կկրճատվում է:
Դա ոչ թե ինչ-որ օրենքով է կարգավորվում, այլ սիստեմն է այդպես աշխատում: Օրինակ՝ որտեղի՞ց է ԿԲ-ն վալյուտա վերցնում, որպեսզի կայունացնի դրամը, դեռ մի բան էլ արժեւորի. իհարկե, դրսից եկած փողերով: Եթե դրսից եկած փողերը չլինեն դրամի կուրսը կդառնա 2000, ինֆլյացիան կդառնա 5000 տոկոս: Մյուս կողմից մարդկանց կազմակերպված արտահանման շնորհիվ մեկ ուրիշ բան չենք արտահանում, որովհետեւ ուրիշ էկոնոմիկա մեզ պետք չէ: Իհարկե, ամեն ինչ սահման ունի: Մի քանի տարի հետո Հայաստանն էլ չի լինի:
- Ինչպե՞ս եք վերաբերում ՌԴ-ի կողմից այսօր իրականացվող «Համերկրացիներ» ծրագրին:
- Ես վատ եմ վերաբերում այդ երեւույթին, բայց հասկանում եմ ՌԴ-ին: ՌԴ-ն ասում է՝ բառադի պիտի արտահանվեն, ես նորմալ կարտահանեմ, կտանեմ հեռավոր Արեւելք:
- Այդ ծրագրով Հայաստանից մարդիկ արտահանվում են ընտանիքներով: Այսինքն, Ձեր նշած տարբերակը չէ, երբ Հայաստանից հեռացածը կաշխատի եւ գումար ուղարկի իր ընտանիքի մյուս անդամներին:
- Դա չի բռնում մեր պետության շահերից: Հայոց պետությունը շահ կունենար, որ մարդն ունենար 5 երեխա, նրանցից 4-ը դրսում լինեին եւ փող աշխատեին, ուղարկեին մնացած 1 համար: Կներեք ՌԴ-ն էլ իր շահերն ունի: ՌԴ-ի կողմից պլանավորած մարդկանց դուրս բերումը Հայաստանից նշանակում է, որ Ռուսաստանը հասկացել է, որ այդ մարդիկ միեւնույն է` անելիք չունեն Հայաստանում:
- Ինչո՞ւ են մարդիկ լքում Հայաստանը, ո՞րն է հիմնական պատճառը:
- Հիմնականում գնում են հացի փող վաստակելու համար, իսկ բիզնեսմենները կապիտալ են տեղափոխում: Այսօր ՀՀԿ-ի վերնախավից չկա մի օլիգարխ, որը լուրջ փող չի արտահանում Վրաստան:
- Ինչո՞ւ հենց Վրաստան:
- Որովհետեւ հարմար է՝ Սահակաշվիլիին ավելի շատ են վստահում, քան Սերժ Սարգսյանին:
- Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գնաճը կանգնելու է: Մենք ականատես եղանք հակառակին:
- Մենք ունենք 6 ամսվա տվյալները: Հունիսի նկատմամբ հուլիսին 2 տոկոս գնաճ է եղել: Օրեցօր վիճակն ավելի է վատանում: Հնարավոր չէ ունենալ Տիգրան Սարգսյան եւ լավ վիճակ: ԿԲ -ի ներկայիս նախագահի պայմաններում հնարավոր չէ լավ իրավիճակ լինել: Իսկ ո՞վ է ԿԲ նախագահին ասել աչքիդ վրա ունք կա. ոչ ոք, որովհետեւ իրենց մարդն է:
- Դեռ որքա՞ն կարող է շարունակվել գնաճը:
- Միշտ ասում են` մեկ ամիս հետո ժողովուրդը չի դիմանա: Օրինակ` Ղրղըզստանը մեզանից 4 անգամ վատ է ապրում: Մենք էլ կարող ենք 4 անգամ վատ ապրել: Եթե մենք խորը փիլիսոփայորեն նայենք, կհասնենք 11-րդ դար, երբ թուրքերը հարձակվում էին Հայաստանի վրա, շատ դեպքերում հայերը ողջունում էին նրանք, քանի որ այսօրվա վիճակն էր: Ասում էին՝ ավելի լավ է օտարները, քան մերոնք: Այս վիճակը գնում է ոչ միայն իշխանափոխության, այլեւ պետականության կործանման: Բոլորը զզված են այս երկրից: Ամեն ինչ անում են, որ ժողովուրդը զզվի այս պետությունից:
- Այս իշխանության ներկայացուցիչները մեր ժողովրդի մի մասն են: Ինչո՞ւ են այդպես վարվում սեփական ժողովրդի հետ:
- Չեն կարող այլ կերպ վարվել: Հո չի կարող վարչապետը մրցել ինտելեկտուալ դաշտում, պիտի ջուրը պղտորի: Պղտոր ջրում նա եւ խելոքները նույնն են: Պղտոր ջրում նրանք սկսում են մանեւրել, խորամանկել, իսկ ինտրիգ անելը խելքի նշան չէ, որքան խելոք են, այնքան չեն խորամանկում:
- Ինչպե՞ս եք վերաբերում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը: Արդեն հայտնի է, որ կողմերը պատրաստ են երկրորդ հանդիպմանը, ի՞նչ կտա երկխոսությունը:
- ՀԱԿ-ը փորձում է վերջին շանսերն օգտագործել լեգիտիմ ճանապարհով իրավիճակը շտկելու համար: Հաշվի առնելով ԼՂ հարցի ծանր լինելը, որի հետեւանքը այն ստորագրությունն է, որը կդնեն ՀՀ իշխանությունները փաստաթղթի տակ, ՀԱԿ-ը իշխանություններին պարտադրում է քաղաքակիրթ էվոլյուցիոն փոփոխություններ:
- Ձեր կարծիքով իշխանությունները կգնա՞ն արտահերթ ընտրությունների, թե՞ ժամանակ են ձգում մինչեւ հերթական ընտրությունները:
- ՀԱԿ-ում տարբեր կարծիքներ կան այս հարցում: Ես քիչ հավանական եմ համարում, որ չի գնա արտահերթ ընտրությունների: Ես էլ մյուսների նման համաձայնվել եմ, որ այս մեկ-երկու ամիսն էլ սպասենք: Նշանակված է ջրբաժանի օր: Եթե իշխանությունները մինչեւ սեպտեմբերի 1-ը արտահերթ ընտրություններ չհայտարարեն, անձամբ ես ամեն ինչ կանեմ, որ ջրբաժան լինի: Ես չեմ հասկանում, թե այս կառավարությունը ոնց կարող է չհեռանալ: Մի հատ կոշիկի կտոր դրեք այնտեղ, ավելի լավ կաշխատի` բառի բուն իմաստով: Մենք սա չենք կարող հանդուրժել, չենք կարող ամեն մի տգետի տեսնել պաշտոնում, հատկապես կառավարությունում, ԿԲ-ում: Այսօր ես երեխաններ ու ուսանողներ ունեմ, որոնք ավելի լավ կպաշտոնավարեն: Մենք չենք կարող տեսնել Սերժ Սարգսյանին, եթե նա չի կարողանում պաշտոնավարել եւ ի վիճակի չէ որեւէ փոփոխության: Եթե նույնիսկ մեր տնտեսությունը աճած լինի 1 տոկոսով, իսկ աշխարհը՝ 4, դա նշանակում է, որ մենք ունենք 3 տոկոս անկում եւ հետ ենք մնում աշխարհից:
- Դուք համամի՞տ եք «Forbes»-ի այն հրապարակման հետ, որ Հայաստանը աշխարհում ամենավատ տնտեսություն ունեցող երկրների շարքում երկրորդն է:
- Այո, «Forbes»-ն ասաց այն, ինչ ես հայտարարել էի մեկուկես տարի առաջ:
- Մեր իշխանության ներկայացուցիչները համամիտ չեն , «Forbes»-ի հրապարակման հետ:
- Մեր իշխանություններին ասեք, որ , «Forbes»-ը թքած ունի իշխանությունների կարծիքի վրա:
- Վարչական դատարանը Ձեր դեմ պարբերաբար վճիռներ էր կայացնում եւ տույժերի ենթարկում: Օրերս հրապարակվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այլեւս ձեզանից պահանջ չունի: Ինչո՞վ դա կբացատրեք:
- Ես գտնում եմ, որ պատճառը ՀԱԿ-ի հայտարարությունն էր այդ մասին: Մենք ասել ենք, որ չպետք է քաղբանտարկյալ ունենանք, իսկ ես տնտեսական քաղբանտարկյալ էի: Ամեն անգամ ինձ կանչում էին դատարան եւ առանց որեւէ հոդված նշելու` ինձ ասում էին, թե այսքան փող բեր: Նման բան անհնարին է նույնիսկ Սոմալիում, որտեղ պետություն չկա: Ինչ համար, անհասկանալի է:
- Ձեզ համար պարզ չէր, թե ինչո՞ւ:
- Տիգրան Սարգսյանն ո՞վ է, որ ինձ դատի: Ես էլ վերջին մարդը չեմ այս երկրում, նախկին վարչապետն եմ,տնտեսական ռեֆորմների նախաձեռնողներից եմ, ԼՂՀ-ի հաղթանակներն իմ պաշտոնավարման ժամանակ են եղել:
- Դուք երբեւէ մտադրություն չե՞ք ունեցել արտագաղթելու երկրից:
- Ես հիմա էլ գրեթե արտագաղթած եմ: Ես իմ հացը վաստակում եմ օտարերկրյա պետություններում դասախոսություններ կարդալով, մի խոշոր պետության բանկի խորհրդատու եմ, մեկ այլ խոշոր պետության նախագահի խորհրդական եմ, անունները չեմ տալիս: Ես այստեղ եմ ապրում, որովհետեւ իմ աշխատանքը թույլ է տալիս համակարգչի առաջ նստած աշխատել: Ես արտագաղթած վիճակում եմ՝ Երեւանում:
- Ի՞նչ երաշխիք, որ ՀԱԿ-ը գա իշխանության երկրում ինչ-որ բան կփոխվի:
- Մեր օրոք Տիգրան Սարգսյանը հայհոյում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը նրան նշանակեց բանկերի ասոցիացիայի նախագահ: Ես նրան դիտողություն արեցի, որ դա նրա համար շատ էր, քանի որ սխալ դատողություններ էր անում: Այսօր այս իշխանությունը մեր հանդուրժողականություն չունի, փոքրոգի մարդիկ ենք, նրա բոյի եւ ժպիտի տակ փոքրոգի դատարկություն է: Սա է այս իշխանության տեսակը: Այդպիսին է վարչապետը, այդպիսին է ԿԲ-ը, նախարարները, ԱԺ-ն, օլիգարխները: ՀԱԿ-ի «100 քայլում» հստակ գրված է, թե ինչ կփոխվի մեր երկրում:
- Ե՞րբ շարքային քաղաքացին իր մաշկի վրա կարող է զգալ այդ փոփոխությունը:
- Եթե հենց հիմա իշխանափոխություն լինի, միանգամից ասեմ, որ մոտ 6 ամիս վատ է լինելու: Մենք թույլ չենք տալու, որ դրամը արժեւորվի, դա ստեղծելու է գնաճային ճնշում: Մենք դա փոխհատուցելու ենք` ազատականացնելով ներմուծման դաշտը, սահմանափակելու ենք օլիգարխներին: Կարող է նույնիսկ գնաճ լինի, բայց դա կտեւի 6 ամիս, որից հետո մարդիկ շեշտակի փոփոխություն կզգան: Առաջին տարում գյուղացիները կստանան 300 միլիոն դոլարի ներդրում, կստեղծվեն կոոպերատիվներ, կտեսնեն, որ պետությունը մանրին է օգնում, հողերը չեն խոշորացվի: Ես ձեզ վստահեցնում եմ՝ 6 ամիս հետո մարդիկ կսկսեն լավ ապրել:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը