Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վոլերենգենը» հաղթահարելի թիմ է

Սպորտ
c1c86e5a3fc2d5122745855fb6b556f8

Ֆուտբոլի Հայաստանի այս տարվա գավաթակիր Երեւանի «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում իր հարկի տակ կհանդիպի նորվեգական «Վոլերենգենի» հետ: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ թիմերի միջեւ կայացած հանդիպումն ավարտվել էր նորվեգական թիմի հաղթանակով` 1:0:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց «Միկայի» գործադիր տնօրեն Արմեն Պետիկյանը, խաղից առաջ թիմը կադրային խնդիրների առջեւ է հայտնվել:

«Մեր չինացի հարձակվող Դոնգ Ֆանժուն այդպես էլ չվերականգնվեց վնասվածքից եւ ստիպված բաց կթողի խաղը: Ավաղ, չորս օր առաջ մարզման ժամանակ վնասվածք է ստացել նաեւ թիմի հիմնական կազմի խաղացող Աղվան Մկրտչյանը: Երեկ առավոտյան նա մասնակցեց պարապմունքին, սակայն կրկին ցավեր է ունեցել»,-ասաց նա:

Արմեն Պետիկյանը նաեւ ասաց, որ չնայած կադրային խնդիրներին, «Միկան» պայքարելու է հաջորդ փուլ մտնելու համար.

«Առաջին խաղի հաշիվը մեզ թույլ է տալիս պայքարելու ուղեգրի համար: Այս խաղի ինտրիգը լիովին պահպանվել է: Մենք կաշխատենք անել ամեն հնարավորինը եւ անհնարինը, որպեսզի հայկական 4 թիմերից գոնե մեկը հաղթահարի եվրագավաթների արգելքը: Ես ներկա եմ եղել առաջին հանդիպմանը: «Վոլերենգենը» լավ թիմ է, ուստի մեզ դժվար խաղ է սպասում այսօր, սակայն սա այն մրցակիցը չէ, որին հնարավոր չէ հաղթել եւ անցնել հաջորդ փուլ»:

Չնայած «Միկայի» գործադիր տնօրենի լավատեսությանը, բուքմեյքերները քիչ են հավատում մեր թիմի հաջողությանը: Միկացիների հաղթանակը դրանք գնահատում են 5,70 գործակցով, իսկ «Վոլերենգենինը»` 1,60-ով:

Նշենք, որ այսօր նախատեղված «Միկա» - «Վոլերենգեն» խաղը կկայանա «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին: