
Ընտանեկան բռնության ենթարկված կանայք հաճախ գենդերային ապատեղեկատվության զոհ են դառնում
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրի քաղաքում գործող «Կանանց իրավունքների տուն» ՀԿ սոցաշխատող Քնարիկ Սիմոնյանը պատմում է, որ իրենց գործունեության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բռնարար ամուսինը կնոջ մասին ապատեղեկատվություն է տարածել՝ փորձելով նրան հետ պահել, որ չդիմի ոստիկանություն՝ իրեն պաշտպանելու համար, կամ չբաժանվի ու համակերպվի բռնությանը։
«Ապատեղեկատվությունը, թե կինը հոգեկան, մտավոր խնդիրներ ունի կամ անբարոյական է, շատ տարածված է բռնարարների դեպքում։ Սպառնում են, որ եթե բաժանվես, քո մասին այս կամ այն բանը կտարածեմ, երեխաներին ձեռքիցդ կվերցնեմ։ Իսկ դրանք կնոջ թույլ տեղերն են, ինչպես նաեւ միջոց՝ կնոջ նկատմամբ վերահսկողություն հաստատելու եւ պահելու, ու իրենք՝ բռնարարները, շատ լավ գիտեն դրա մասին»,-նշում է սոցաշխատողը:
Գենդերային ապատեղեկատվությունը ենթադրում է անձի սեռի հետ կապված կեղծ, ապակողմնորոշող կամ մտաշահարկող տեղեկության կանխամտածված ստեղծում և տարածում։ Այն նպատակ ունի կասկածի տակ դնել անձի՝ մասնավորապես կնոջ, բարոյական հատկանիշները, կնոջ կարողությունները, սեռականությունը, հոգեկան առողջությունը և նսեմացնել կնոջ արժանապատվությունը։ Նման ապատեղեկատվությունն օգտագործվում է միտումնավոր՝ վտանգավոր կարծրատիպերն ամրապնդելու և այդ կարծրատիպերը որպես գործիք օգտագործելու համար՝ դիմացինին վնասելու, լռեցնելու և չեզոքացնելու նպատակով։
«Մի դեպք ենք ունեցել, երբ աղջկան տղամարդը մեքենայի մեջ բռնաբարել էր, երբ դեռ նոր էին սկսել շփվել, և որպեսզի աղջիկը չբողոքի և ոստիկանություն չդիմի, տղայի ծնողները ստիպել էին ամուսնանալ իրեն բռնաբարած տղամարդու հետ՝ սպառնալով, թե կգնանք ձեր թաղ, հարևանների մոտ մորդ կխայտառակենք, կասենք՝ դու աղջիկ չես եղել։ Սակայն հետո ընտանիքում բռնությունը տարբեր ձևերով շարունակվել էր, և կինը երեխայի հետ հեռացել էր ամուսնու տանից»,-պատմում է բռնության ենթարկված կանանց հետ աշխատող Քնարիկ Սիմոնյանը։
Սոցաշխատողն ասում է, որ եղել են դեպքեր, երբ ամուսնու ծեծի պատճառով հղի կինը վիժել է, սակայն ինչ-ինչ սպառնալիքների ներքո հրաժարվել է բողոք գրել, և ոստիկանությունը քննություն չի իրականացրել։ «Տագնապային իրավիճակում են լինում, չգիտեն որտեղից սկսեն և ինչ անեն։ Բռնության տրավմաների, վախերի ազդեցության տակ չեն կողմնորոշվում։ Վախենում են, որ ամուսնու կողմը կտարածի խոսակցություններ, կխայտառակի։ Ունեցել ենք դեպք, որ ծեծված կինն ասել է՝ չեմ ուզում աշխատանքիս վայրում իմանան, հրաժարվել է ինչ-ինչ քայլեր անել»,-պատմում է սոցաշխատակիցը։
Ըստ Քնարիկ Սիմոնյանի՝ գենդերի հիմքով բռնության դեպքերով գենդերային ապատեղեկատվությունը շատ մեծ տարածում ունի հատկապես գյուղական վայրերում, որտեղ շատերն իրար ճանաչում են։
Չնայած այս ամենին մի շարք կանայք ընտրում են պայքարի ճանապարհը՝ բռնարարին պատժելու ու նրանից պաշտպանվելու, ինչպես նաեւ՝ վերականգնվելու, ամոքվելու համար։
Շիրակի մարզի գյուղերից մեկում ապրող Սիլվան (անունը փոխված է), որը 3 մանկահասակ երեխաների հետ հեռացել է ամուսնուց, երբ վերջինս տևական ժամանակ բռնություն է կիրառել իր հանդեպ՝ միևնույն ժամանակ սպառնալով, որ եթե բաժանվի, գյուղում կտարածի, թե կինն անբարոյական է, համոզված է՝ երբ տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկված կինը իր մեջ ուժ է գտնում պայքարելու, անտեսելու իր հասցեին տարածվող զրպարտությունները ու ճանապարհ գտնում բռնարարից հեռանալու համար, ոչ միայն սեփական ճակատագիրն է փրկում, այլև իր երեխաների ապագան։
«3 տարի վախի մեջ եմ ապրել, ամուսնուս մոտ հոգեկան առողջության խնդիր էր ախտորոշվել։ Հասավ էն կետին, որ սկսեց ծեծել ու վատ բառեր օգտագործել»,- պատմում է Սիլվան՝ հավելելով, որ ամուսնու ծնողները ևս սպառնացել են, որ եթե բաժանվի, գյուղում կտարածեն, թե «սիրած» ունի, դրա համար է բաժանվում ու ընտանիք քանդում։ Այդպես էլ արել են։
Հայաստանի իրավապահ համակարգը, ցավոք, ոչ միշտ է համարժեք արձագանքում ընտանեկան բռնության դեպքերին։ Իրավապահները երբեմն անգամ չեն խորշում զոհին մեղադրելուց, ինչը կարող է հանգեցնել կանանց լռեցնելուն, քանի որ բռնության ենթարկվող կինը սկսում է չվստահել ոստիկանությանը։ Երբ ամուսնալուծությունից հետո Սիլվայի ամուսինը կրկին ծեծի է ենթարկել նախկին կնոջը, կինը դիմել է ոստիկանություն ու նման պատասխան ստացել․ «Ոստիկանության բաժնի պետն ասեց՝ հիմա դե մարդ է, մի անգամ էլ խփել է, հո՞ դրա համար չեն բաժանվում։ Գիտես, թե մեր ընտանիքներում չի՞ լինում վիճաբանություն։ Տղամարդ է, բորբոքվել է, խփել է։ Էդ խոսքերից ինձ ավելի վատ զգացի։ Հասկացա, որ միայնակ եմ, կողքիս ոչ ոք չկա, ինձ ահավոր անպաշտպան զգացի։ Բարեբախտաբար գործը վարող ոստիկանը կին էր, ով տեսնելով, որ լացելով դուրս եկա պետի մոտից, ասեց՝ մի նեղվի, չմտածես որ մենակ ես, մենք քո կողքին ենք, գործը հավուր պատշաճի քննելու ենք»։
Գործի հետագա քննության ընթացքը նույնպես սթրեսային է եղել տուժած կնոջ համար։ Գյումրու Քննչական բաժնում գործը քննող կին քննիչը հարցրել է, թե հնարավո՞ր է՝ Դուք եք հրահրել, որ ձեզ խփել է, ձեր նախկին ամուսնինն ասել է՝ խանդել է, դրա համար է խփել։ «Ես ապշած էի։ Ասեցի, ո՞նց եք պատկերացնում՝ հիմա՞ր եմ, ի՞նչ եմ՝ հրահրեմ, որ ինձ ծեծի։ Իսկ խանդելու դեպքում օրենքով թույլատրվա՞ծ է խփելը։ Այնուամենայնիվ քննիչը եզրակացրեց՝ թե խնամված կին ես, բնականաբար խանդել է»,-պատմում է Սիլվան։
ՕքսԵՋեն հիմնադրամի «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» 2024-ի զեկույցում առանձնացվել են գենդերային ապատեղեկատվության ամենատարածված դիսկուրսները, դրանցից մեկը զոհին մեղադրող դիսկուրսն է․ «Զոհը երկրորդային զոհացման է ենթարկվում, ընդ որում, սա կարող է արվել ոչ թե ուղիղ վերջինիս մեղադրելով, այլ՝ «նուրբ», անուղղակի, ենթատեքստային, «միամիտ թվացող» բառ, բառակապակացություն կամ նախադասություն օգտագործելով։ Սա այն ակտիվ մարտավարություններից մեկն է, որ օգտագործվում է գենդերային ապատեղեկատվության ժամանակ»:
Սիլվայի բողոքը արդեն 2 տարի քննվում է դատարանում, սակայն դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են և դեռ որոշում չկա։
Այժմ 34-ամյա կինը տարբեր աշխատանքներ է կատարում՝ իր 3 աղջիկներին պահելու համար ու մեծ ծրագրեր ունի իր ապագայի հետ կապված։ «Դիմելու եմ համալսարան, սովորելու եմ, որ կարողանամ լավ աշխատանք ունենալ։ Ուզում եմ ՏԻՄ ընտրությանը մասնակցել և զբաղվել քաղաքականությամբ։ Նաև փորձելու եմ կոտրել կարծրատիպը, թե միայնակ կինը թույլ է կամ անբարոյական ճանապարհով պետք է երեխաներին պահի։ Փորձելու եմ ցույց տալ, որ միայնակ կինը կայուն է, շատ ուժեղ է և կարող է իր աշխատանքով պահել իր երեխաներին և հասարակության մեջ դեր ունենալ»,-ասում է Սիլվան։
Հայաստանի Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ 2024 թ-ին Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 վարույթ է քննվել, որից 1548 վարույթ հարուցվել է 2024 թ-ին, իսկ 761-ը փոխանցվել է 2023 թ-ից։
Այդ վարույթներից 405-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ 416 անձի վերաբերյալ։ Ընտանեկան բռնության վերաբերյալ 735 վարույթ կարճվել է։ 568 վարույթ կշարունակվի քննվել այս տարի։
Հայաստանում 2024 թվականի միայն առաջին հինգ ամիսների ընթացքում 5 կնոջ սպանության դեպք է գրանցվել ընտանիքում։
Նման վիճակագրությունը փաստում է, որ ընտանեկան բռնության դեպքերում կանայք չպետք է լռեն, քանի որ զոհասեղանին դրվում է նրանց կյանքը։
Բռնության ենթարկված կանայք կարող են դիմել․
Կանանց աջակցման կենտրոն՝ 099 88 78 08
Ոստիկանություն՝ 102
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 114
ՄԻՊ թեժ գիծ՝ 116, +37496116100 (բջջ.), +374-96-116100 (Viber), +374-96-116100 (WhatsApp)
Մարինե Խառատյան