Մեր երկու շախմատիստներն էլ հաղթեցին
Հայաստանի շախմատիստներ Հրայր Սիմոնյանը եւ Վահե Բաղդասարյանը, Վարշավայում ընթացող շախմատի Մեչիսլավ Նայդորֆի հուշամրցաշարի 7-րդ տուրում հաղթելով իրենց մրցակիցներին, ընդհուպ մոտեցան առաջատարներին:
Հրայր Սիմոնյանը առավելության հասավ լեհացի Պավել Շտոմայի նկատմամբ, իսկ Վահե Բաղդասարյանը հաղթեց Բելգիան ներկայացնող Աննա Զոզուլյային: Նրանք վաստակել են 4,5-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 19-րդ եւ 23-րդ տեղերը:
Մեր շախմատիստներն առայժմ մեկ միավորով զիջում են առաջատարներին: Մրցանակային տեղ գրավելու համար նրանք պետք է միմիայն հաղթանակներ տանեն վերջին երկու տուրերում:
Ի դեպ, 7-րդ տուրում միմյանց հետ հանդիպեցին մեր երկու հայրենակիցները. ԱՄՆ-ը ներկայացնող Տաթեւիկ Աբրահամյանը մրցեց Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող Եվգենիա Դոլուխանովայի հետ: Պարտիան ավարտվեց վերջինիս հաղթանակով, որը նույնպես վաստակեց 4,5 միավոր եւ ընթանում է 26-րդ հորիզոնականում: