Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են իշխանությունները բանակցում ՀԱԿ-ի հետ (տեսանյութ)

Հարցազրույց
4eb6ec6ce0b8515c6ba5cb96f4b60689

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության  արդյունքում ՀԱԿ-ի համախոհների թիվը կպակասի, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հիասթափություն է սպասվում: Իսկ թե ինչու, պարոն Փաշինյանը հիմնավորեց այսօր «Ա1+»-ի հետ զրույցում:

-         ՀԱԿ-ը հետևողական է իր պայքարում, որն ապացուցել է այս ընթացքում: Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ի համախոհների թիվը ոչ միայն չի նվազելու, այլեւ աճելու է: Իմիջիայլոց, իշխանություններն էլ հույս ունեն, որ պրոցեսները ձգձգելով, իբր ՀԱԿ-ի համախոհների թիվը կնվազի: Այս հարցում, ոչ միայն իշխանություններին, այլեւ նրանց սպասարկողներին ասեմ, որ հուսախաբություն է սպասվում: Եթե առաջիկայում մենք չունենանք արտահերթ ընտրությունների մասին համաձայնեցված որոշում, ուրեմն ժողովուրդը միակողմանի որոշում կկայացնի արտահերթ ընտրությունների մասին:

-         Ձեր կարծիքով իշխանությունները կհամաձայնվե՞ն գնալ արտահերթ ընտրությունների: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ իշխանությունները սկզբում մերժում են ՀԱԿ-ի պահանջները հետո' կատարում:

-         Դա կոչվում է «ռեալ պոլիտիկ»: Այսինքն, երբ իշխանությունը հստակ հաշվարկում է' արդյոք ինքը կարող է մինչեւ վերջ հետեւողական լինել իր մերժումների մեջ: Երբ գալիս է այն գիտակցությանը, որ եթե  տվյալ առաջարկը մերժի, միեւնույն է ժողովրդի եւ ՀԱԿ-ի պահանջի տակ գալու է դրան, քայլ նահանջ է կատարում, որպեսզի այդ նույն խնդիրը լուծվի առանց ցնցումների եւ առանց ալեկոծությունների: Նույնը տեղի է ունենում նաեւ արտահերթ ընտրությունների համատեքստում: Մենք հիմա արձանագրում ենք, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցն են: Այն պահին, երբ իշխանությունը գիտակցեց, որ եթե մերժի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը, միեւնույն է ջրբաժանի ճանապարհով, այսինքն' ժողովրդի ճնշման տակ, կայացնելու է այդ որոշումը, շատ հանգիստ կհայտարարեն արտահերթ ընտրություններ: Հայաստանում արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ՝ կախված է նրանից, թե ՀԱԿ-ն այս բանակցային գործընթացը որքանով կկարողանա զուգակցել ժողովրդական ճնշմամբ:

-         Ոմանք կարծում են, որ արտահերթ ընտրությունները կորցրել են իրենց իմաստը, քանի որ հերթական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել:

-         Տեղի են ունենում բանակցություններ իշխանությունների հետ՝ արտահերթ ընտրությունների շուրջ: Եթե մինչեւ սեպտեմբեր այդ հարցում կողմնորոշում չլինի, համատեղ որոշում չլինի, ուրեմն տեղի է ունենալու ջրբաժան: Այսինքն, բանակցային գործընթացը պետք է հանգեցնի արտահերթ ընտրությունների: Ուրիշ տարբերակ չկա: Արտահերթ ընտրությունների պահանջը ժամկետային պահանջ չէ, քաղաքական է: Արտահերթ ընտրությունների պահանջը չի կարող կապված լինել որեւէ ամսաթվի կամ սեզոնի հետ: Հայաստանում քաղաքական ճգնաժամն առաջացել է ընտրությունների կեղծման հետեւանքով, եւ այդ ճգնաժամը պետք է հարթվի ընտրությունների արդյունքում: Մենք պնդում ենք, մենք պայքարում ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա լինի արտահերթ ընտրություններ:  

-         Որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն գտնում են, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ձեւական է, բացասական են վերաբերում այդ գործընթացին:

-          Ես  չեմ կարծում, որ այդ ուժերը բացասական  են վերաբերում երկխոսությանը: Այդ ուժերը բացասական են վերաբերում ՀԱԿ-ին: Դրանք տարբեր բաներ են: Այդ ուժերը ՀԱԿ-ի ձեւավորման պահից սկսած պայքարել են ոչ թե իշխանության, այլ ՀԱԿ-ի դեմ: Այսինքն, ՀԱԿ-ը պայքարում է իշխանությունների դեմ, իսկ այդ ուժերը՝ ՀԱԿ-ի դեմ: Այսքանով այդ ուժերը դադարում են ընդդիմադիր լինել: Իմ կարծիքով, այդ ուժերն իշխանության քաղաքական համակարգի մի մասն են: Վերջին 10 տարիներին հայաստանյան քաղաքական դաշտի ամենակարեւոր ձեւախեղումը կեղծ ընդդիմության ինստիտուտի ձեւավորումն է: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի գործունեության արդյունքում այդ ինստիտուտը նույնպես կազմաքանդվում է: Կան կեղծ ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք հասկանում են, որ իրենց գործունեության դաշտն այլեւս փակված է: Նրանք ամեն պահի իրենց պայքարի թիրախը համարում են ՀԱԿ-ին, որովհետեւ իշխանություններին կեղծ ընդդիմություն պետք է , իսկ ՀԱԿ-ին՝ պետք չէ:

-         «Ժառանգություն»-ն  ու ՀՅԴ-ն գտնում են, որ այսօր ՀԱԿ-ն ու իշխանությունները, մասնավորապես ՀՀԿ-ն, մի շարք կարեւոր հարցերում ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարաձայնություններ: Ի՞նչ կասեք այս մասին:

-          Ձեւակերպումներ միշտ էլ կարելի  է տալ, սակայն իրողությունն այլ է: ՀԱԿ-ի եւ իշխանության տեսակետների տարբերության այնպիսի մեծ ապացույցներ կան, որոնց այդ ընդդիմադիրները նույնիսկ չեն մոտեցել: Օրինակ' մեր համախոհների'  երեք ու կես տարի բանտում գտնվելը արդեն իսկ ցայտուն ապացույցն է այն բանի, որ մենք տեսակետների հսկայական տարբերություն ունենք: Մեր տեսակետն այն է, որ Հայաստանում իրականությունն ու իրողությունները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը:   Ինչպե՞ս կարող է հանցագործն ու օրինապահ քաղաքացին ունենան միեւնույն տեսակետը: «Հանցագործի» դեպքում ես  նկատի ունեմ իշխանություններին:

-         Ինչպե՞ ս եք վերաբերում այն հանգամանքին, որ այսօր իշխանություններն իրենց հայտարարություններում, սկսել են գովերգել ՀԱԿ-ին, մեջբերումներ են անում Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերից: Սա ՀԱԿ-ին վարկաբեկելու նպատակ չի՞ հետապնդում:

-         Ակնհայտ է, որ  իշխանությունները նույն այս երկխոսության գործընթացը փորձելու են օգտագործել քարոզչական նպատակներով: Դրանում որեւէ կասկած չկա: Բայց իշխանությունը պետք է հասկանա, որ 3 տարի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի նկատմամբ այնպիսի հակաքարոզչություն է իրականացրել, որ ավելի մեծ հակաքարոզչություն հնարավոր չէ: Եթե հիմա նրանք որոշել են մեր հասցեին դիֆերամբներ ձոնելով հակաքարոզչություն անել, դա իրենց խնդիրն է:Մենք մեր անելիքն ունենք: Մեր հիմնական խնդիրը ժողովրդի հետ է, եթե նույնիսկ իշխանությունները հակաքարոզչությամբ ապակողմնորոշեն: Մենք վճռական ենք տրամադրված՝  կմտնենք ամեն տուն եւ կզրուցենք յուրաքանչյուրի հետ:

-         Չե՞ք կարծում, որ իշխանությունները, երկխոսության գնալով, առաջինը վարկաբեկեցին իրենց այն կուսակիցներին, ովքեր հայտարարում էին, թե չեն երազում երկխոսել ՀԱԿ-ի հետ եւ  բանակցային խումբ ստեղծելու մտադրություն չունեն եւ տարբեր վիրավորանքներ էին ուղղում ՀԱԿ-ին:

-          Ես չեմ ուզում մտնել իրենց ներքին հարաբերությունների մեջ: Երբ նրանք զգում են իշխանափոխության ռեալությունը, այդ պահից սկսած նրանք սկսում են երազել եւ վազել այդ բանակցությունները վարելու համար, ինչը մենք այսօր տեսնում ենք: Իշխանությունն արձանագրել է' այսօր իրավիճակը շատ լուրջ է, եւ այդ իրավիճակը լուրջ սպառնալիքներ է ստեղծում առաջին հերթին իշխանության համար: ՀԱԿ-ը չի խնդրել բանակցել իշխանությունների հետ, ՀԱԿ-ը իշխանություններին պարտադրել է բանակցել: Դրանք տարբեր բաներ են: Բանակցություններն արդյունք կտան՝ շատ լավ, չեն տա՝ մենք ունեն մեր անելիքները: Ամենակարեւորն' ամեն ինչ բացահայտ է տեղի ունենում: ՀԱԿ-ը հանրությունից թաքցնելու բան չունի:

-         Այսօր, բացի  քաղաքական գործունեությունից, Դուք Ձեր պայքարը շարունակում ենք նաեւ դատական ատյաններում՝ միաժամանակ մի քանի հայտեր եք ներկայացրել Վարչական դատարան' քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմի դեմ: Դա ժամանակի անիմաստ վատնում չէ՞:

-         Ժամանակի վատնում չէ: Այդ հայցերի դատաքննության ընթացքում կլինեն որոշակի բացահայտումներ, որոնք դրական դեր կունենան Հայաստանում օրինականության հաստատման հարցում: 

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը