Հայաստանը գլխավորեց աղյուսակը
Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց Աֆրիկայի չեմպիոն Եգիպտոսի հավաքականին:
Մեր թիմն այս հանդիպմանը ներկայացավ փոփոխված կազմով. Լեւոն Արոնյանի տեղը ելույթ ունեցավ Հայաստանի այս տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը:
Առաջին երկու խաղատախտակներին հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը շատ արագ հաղթեցին իրենց մրցակիցներին եւ առաջ մղեցին մեր ընտրանուն: Ապա Ռոբերտ Հովհաննիսյանը առավելության հասավ Եգիպտոսի հավաքականի 4-րդ շախմատիստի նկատմամբ եւ ապահովեց վերջնական հաղթանակը: Երրորդ խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ սկսեց գլխավորել աղյուսակը, քանի որ առաջին տեղում ընթացող Ռուսաստանի ընտրանին պարտվեց Ադրբեջանի թիմին` 1:3:
Վաղը կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Չինաստանի հավաքականի հետ, որը այս տուրում 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն: