Հեռուստաեթերի մի փոքր թթվածինը (տեսանյութ)
«Ժողովրդական» բառն արդեն իսկ հուշում է «Ժողովրդական հեռուստաընկերության» այն անելիքները, գործելակերպը, որը դեպի ժողովուրդը տանող ճանապարհի երաշխիքն է: «Ա1+»-ի հետ զրույցում այս կարծիքն հայտնեց «Ժողովրդական հեռուստաընկերության» հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն` անդրադառնալով ի պաշտպանություն ազատ խոսքի` ի դեմս «Ա1+»-ի ստեղծված նոր հեռուստաալիքի գործունեությանն ու անելիքներին:
Որո՞նք են լինելու «Ժողովրդական հեռուստաընկերության» նպատակներն ու առաջիկա անելիքները:
«Ժողովրդական հեռուստաընկերության» հիմնական նպատակը պետք է լինի հասարակության մեջ տվյալ պահին առաջացած իմպուլսը միանգամից զգալու, վերցնելու ու այդ իմպուլսին համահունչ պատասխանը հասարակությանն ուղարկելու գործընթացը: Օրինակ` ընտրությունների խնդիրը` լինի դա արտահերթ թե հերթական, շուտով ու դեռ երկար ժամանակ կդառնա օրակարգային: Այս դեպքում ոչ այնքան հեռուստալսարանում նստածները պետք է իրենց կարծիքը հայտնեն, այլ պետք է տեղյակ լինեն, թե ժողովրդից ինչ իմպուլս է գալիս: Միայն այսպես, կարծում եմ, հեռուստաընկերությունը կարող է պատասխանել իր առջեւ դրված խնդիրներին:
Ինչպե՞ս է այս դեպքում գործելու «Ժողովրդական հեռուստաընկերություն»:
Հայ ժողովրդի համար ընտրություն կոչված հերթական այդ ողբերգության ժամանակ հեռուստաալիքն առաջին հերթին պետք է ընտրի նշանաբան: Ես իմ կողմից առաջարկում եմ «Ժողովուրդն իր ընտրության տերն է» տարբերակը: «Ժողովրդական հեռուստաընկերության» հետագա ամբողջ գործունեությունն արդեն միտված է այդ նշանաբանը փակագծից հանելու նպատակին: Կլինեն նաեւ հաղորդաշարեր` թոք-շոուներ, հանդիպումներ, ուղիղ հեռարձակումներ, ասենք` մարզերից եւ այլն:
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն ունի իր, այսպես ասած, դեմքը... Ո՞վ կլինի այս դեպքում դեմքը:
Օրինակ` հանդիսատեսը թատրոն հաճախ գնում է կոնկրետ դերասանի խաղը կամ կոնկրետ ռեժիսորի բեմադրությունը դիտելու համար: Իմ կարծիքով` հեռուստաընկերության դեմքը մենք չպետք է առաջարկենք կամ պարտադրենք. ժամանակի ընթացքում այն հաղորդաշարի հեղինակը, այն լրագրողը, այն վերլուծաբանը, որն ամենից շատ լսարան կհավաքի, նա էլ կդառնա «Ժողովրդական հեռուստաընկերության» դեմքը: Նույնիսկ այս դեպքում ես կողմնակից եմ, որ չպարտադրենք, անգամ դա պետք է որոշի ժողովուրդը:
Ինչո՞վ է տարբերվելու «Ժողովրդական հեռուստաընկերություն»-ը գործող մյուս հեռուստաընկերություններից:
Այսօր մեր եթերը շատ քաղաքակիրթ ձեւով բռնազավթած է Բաղրամյան 26-ի կողմից: Ամեն օր մեր եթերից ազգը, ժողովուրդը, երկիրը, պետությունը չեզոքացնելու, անտարբեր ու համակերպված սուբյեկտ վերածելու մի քաղաքականություն է գնում ու այդ ֆոնի վրա օդի պես անհրաժեշտ է դարձել, թեկուզ առայժմ ինտերնետ տարածքում, այն խոսքը, որի կարոտն ունի հասարակությունը: Այս համատարած, բռնազավթած, երջանիկ եթերային տարածքում մի փոքր թթվածին, մի փոքր մեծատառով խոսք մեր մաքուր մայրենիով, ինչ-որ բան կշարժի մեր հասարակության մեջ, ինչ-որ փոփոխություն կբերի, որը շատ զգալի կլինի, քանի որ «Ժողովրդական հեռուստաընկերություն»-ն ամբողջապես ոչ միայն սպասարկելու է հասարակության պահանջարկը, այլեւ նրանից է ստանալու աջակցություն` թե բարոյապես, թե ֆինանսապես:
Ի դեպ, ի՞նչ նպատակներով են օգտագործվելու ամիսներ առաջ ի պաշտպանություն «Ա1+»-ի իրականացված հանգանակության գումարները:
Ուզում եմ հիշեցնել, որ «Ժողովրդական հեռուստաընկերության» գործունեությունը խարսխված է հենց ժողովրդի կողմից հանգանակած գումարների վրա: Այն գումարահավաքը, որ մի քանի ամիս առաջ իրականացվեց, շատ ապահով սպասում է իր ժամին. մի կոպեկ, մի լումա չի ծախսվել, եւ այդ ամբողջը գնալու է ալիքի գործունեության համար: Ուզում եմ վերջում նշել, որ սա ժողովրդավարական խաղ չէ: Ես հավատում եմ «Ժողովրդական հեռուստաընկերության» գաղափարին եւ նրա հետ եմ կապում, թող բարձրագոչ չհնչի, լուրջ խնդիրներ ու նպատակներ: