Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար․ Զելենսկի (տեսանյութ)

Ամերիկայի ձայն
 
«Կցանկանայի վերահաստատել Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը։ Մեզնից ոչ ոք չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար։
 
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ցանկանում, քան ուկրաինացիները: Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղություն ձեռք բերելու համար։
Պատրաստ ենք արագ աշխատել պատերազմն ավարտելու համար, և առաջին փուլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը և օդում զինադադարը՝ հրթիռների, հեռահար անօդաչուների, էներգետիկ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբահարման արգելքը և անհապաղ զինադադարը ծովում, եթե Ռուսաստանը նույնն անի։
 
Այնուհետև, ցանկանում ենք շատ արագ առաջ շարժվել բոլոր հաջորդ փուլերով և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համաձայնեցնելու ամուր վերջնական գործարք:
Իրոք, գնահատում ենք, թե որքան է Ամերիկան արել՝ Ուկրաինային օգնելու համար՝ պահպանելու իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հիշում ենք այն պահը, երբ ամեն ինչ փոխվեց, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային [հակատանկային] Javelins [համակարգեր] տրամադրեց: Մենք շնորհակալ ենք սրա համար:
[Անցած] ուրբաթ Վաշինգտոնում մեր հանդիպումը Սպիտակ տանը չանցավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Ցավալի է, որ նման բան տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ուղղել: Մենք կցանկանայինք, որ ապագա համագործակցությունն ու շփումը կառուցողական լինեն։
 
Ինչ վերաբերում է օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար ձևաչափով։ Այս համաձայնագիրը դիտարկում ենք որպես քայլ դեպի ավելի լայն անվտանգություն և անվտանգության ամուր երաշխիքներ, և ես, իրոք, հուսով եմ, որ այն արդյունավետ կաշխատի»,- X հարթակում ժամեր առաջ գրել է Ուկրաինայի նախագահը:
 
Լուսանկարը՝ Reuters-ի