Ռուբեն Վարդանյանի փաստաբանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ակտիվ քայլեր ձեռնարկել
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում ավելի քան երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը X-ում կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելի ակտիվ գործողություններ իրականացնել՝ Վարդանյանի և Ադրբեջանում պահվող մյուս հայ քաղբանտարկյալների ու գերիների ազատության համար։
Փաստաբանը նշում է, որ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարող են ավելին անել։ Նրա խոսքով՝
- Վարչապետը պետք է հրապարակային հայտարարի, որ գերիների ազատումը առաջնահերթություն է և նրանց կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառներ։
- Հրավիրվի մամուլի ասուլիս, որտեղ քննարկվեն այս հարցերը։
- Հայաստանի դաշնակիցներն ու միջազգային կազմակերպությունները՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, ԵԱՀԿ-ն և Բաքվում դեսպանություններ ունեցող երկրները, պետք է ներգրավվեն՝ որպես դիտորդներ դատավարություններին մասնակցելու համար։
- Վարչապետը և արտգործնախարարը պետք է հանդիպեն գերիների ընտանիքների հետ՝ ցուցաբերելով աջակցություն։
- Բաքու ուղարկվի անձնական բանագնաց, որը կհանդիսանա մարդասիրական միջնորդ՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման հարցում։
Փաստաբանն ընդգծում է՝ եթե անգամ քաղբանտարկյալների և ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:
Գենսերը նաև առաջարկում է աջակցություն խնդրել Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Եվրոպական միությունից՝ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։
Ըստ փաստաբանի՝ Երևանը կարող է շարունակել և ընդլայնել իրավական գործերը․ դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ նախնական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյա հայերի բռնի տեղահանման փաստով, օգնության խնդրանքով դիմել համաշխարհային կրոնական համայնքին, օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքից՝ բանտարկյալներին և գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար։
«Հայաստանի ղեկավարությունը կարող է գործնական քայլերով աջակցել գերիների ազատմանը», – ընդգծել է Ջարեդ Գենսերը։
I am very grateful that #Armenia FM @AraratMirzoyan & @MFAofArmenia spoke out for the freedom of my client @RubenVardanyan_ & the other #Armenian #Christian #political #prisoners & #POWs from #Azerbaijan. This was big! There is also so much more PM @NikolPashinyan can do from… pic.twitter.com/KVTPaurzUa
— Jared Genser (@JaredGenser) March 4, 2025