«Ազարյանի նշանակումը պարտադրված օրինաչափություն էր»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլեւս նոր կազմ ունի: Այն ձեւավորվել է Ընտրական օրենգրքի փոփոխությունների պահանջով:
«Ա1+»-ի զրուցակիցն է ԿԸՀ նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանը:
-Տիկին Թադեւոսյան, փոփոխված Ընտրական օրենսգրքով ԿԸՀ ձեւավորման կարգը Ձեր կարծիքով իրապե՞ս ապակուսակցականացրեց հանձնաժողովի կազմը, թե՞ դա օրենքի ուժով ստեղծված ռեֆորմի պատրանք էր:
- Եթե առաջնորդվենք Ընտրական օրենսգրքում ամրագրված դրույթներով, ըստ որի` ԿԸՀ անդամների թեկնածությունն առաջադրում են ՄԻՊ-ը, Վճռաբեկ դատարանի նախագահը եւ Փաստաբանների պալատի նախագահը, ապա տպավորություն է ստեղծվում, որ այո, կուսակցականացվածության մասին խոսք լինել չի կարող: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, ապացուցեց տրամագծորեն հակառակը: Պարզապես այդ մոտեցմամբ փորձ արվեց քողարկելու այս կամ այն կուսակցությունների շահերը ներկայացնող կամ սպասարկող անձանցով ԿԸՀ կազմը համալրելու գաղափարը:
-Ուզում եք ասել, որ նորաստեղծ ԿՀԸ անդամների շարքում կան կոնկրետ անձինք, որոնք ներկայացնում են կոնկրետ քաղաքական ուժերի՞ եւ եթե այո, ովքե՞ր են նրանք:
-Վստահ եմ, որ քաղաքականապես ակտիվ հասարակությունը չի մոռացել 2010-ի ն տեղի ունեցած թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Աժ պատգամավորի ընտրությունը, որտեղ թեկնածու էր առաջադրվել նաեւ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Բոլորս լավ ենք հիշում նաեւ մի շարք տեղամասերում, այդ թվում` թիվ 10/19-ում տեղ գտած բազմաթիվ անօրինականությունները, որի հետեւանքով տեղամասի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարվեցին: Այդ անօրինականությունների ականատեսները, (ի թիվս բազմաթիվ դիտորդների, լրագրողների, վստահված անձանց) եղան նաեւ թիվ 10 ԸԸՀ նախագահ, Հանրապետության նախագահի կողմից նշանակված անդամ Սիլվա Մարկոսյանը եւ ՀՀԿ կողմից նշանակված Արմեն Սմբատյանը, որը Մարկոսյանի տեղակալն էր: Այս անձինք հետագայում դատախազությունում հերքեցին այն բոլոր անօրինականությունների մասին փաստերը, որոնք տեղ էին գտել վերոնշյալ տեղամասում: Այժմ նրանք երկուսն էլ նորաստեղծ ԿԸՀ անդամ են, այս անգամ` որպես անկուսակցական: Սիլվա Մարկոսյանի թեկնածությունն առաջադրել է Փաստաբանների պալատը, Արմեն Սմբատյանին` ՄԻՊ-ը: Մեկ այլ օրինակ` Գեորգի Մարտիրոսյանը թիվ 9 ԸԸՀ-ում նախկինում ներկայացնում էր ՀՅԴ-ն: Հիմա նշված անձինք դադարեցրե՞լ են իրենց կուսակցական գործունեությունը: Եթե այո, այդ դեպքում ինչո՞ւ նախապես այդ մասին քաղաքական հայտարարություններ չեն արվել: Քանի դեռ չեն արվել, միանշանակ կարելի է ասել, որ կուսակցություններն իրենց նախկին ԿԸՀ անդամներին փոխարինել են նորերով, նոր օրենքին համապատասխանելու իմիտացիայով:
-Դատելով ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի այն համոզմունքից, որ ոչ ոք չի կարող բացառել ընտրակեղծիքները եւ այն փաստից, որ վերոնշյալ անդամները անմիջական մասնակցություն են ունեցել կեղծված որակված ընտրական գործընթացներին, կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում եւս ԿԸՀ-ն շարունակելու է իր որդեգրած ավանդույթը:
- Եթե խոսքը գնում է 100 տոկոսով ընտրակեղծիքները բացառելու մասին, ապա այո, դա գրեթե անհնար է, քանի որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն արջի ծառայություն մատուցել իրենց թեկնածուին: Սակայն մենք ունենք նաեւ փորձ, երբ առանց ընտրակեղծիքների, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով նախագահ ենք ընտրել: Դա եղել է 1991 թվականին: Այդ չափազանց կարեւոր ավանդույթը պահպանելու փոխարեն, գնալով ընտրական գործընթացները վերածվեցին համատարած կեղծարարության, բռնության, բանդիտիզմի: Այժմ արդեն 100 տոկոսով կարելի է բացառել արդար ընտրությունները: Կարեւորը, սակայն, այն է, որ կկայացվի միաձայն որոշում, որը կբավարարի արեւմտյան «ժողովրդավարության ջատագովներին»:
-Տիկին Թադեւոսյան, ձեր կարծիքով ԿԸՀ շարքային անդամը կարո՞ղ է կանխել ընտրակեղծիքը եւ նպաստել արդար ընտրության կայացմանը:
- Նախ անհրաժեշտ է, որ ԿԸՀ անդամը լինի իրապես անկախ եւ չառաջնորդվի անձնականացված կուսակցական շահով, եւ որ ամենակարեւորն է` չդառնա իշխանությունների կամակատարը: Այսինքն` ընտրակեղծիքների կանխումը պետք է լինի ԿԸՀ անդամի թիվ մեկ խնդիրը: Այլ բան է, որ մեր իրականության մեջ կեղծիքները կազմակերպվում եւ իրականացվում են Բաղրամյան 26-ից իջեցվող հրամանի հիման վրա: Ուրեմն` ԿԸՀ անդամը կանի այն, ինչ հրաման որ կստանա: Եթե Բաղրամյան 26-ում ձեւավորվի արդար ընտրությունների իրականացման քաղաքական կամք, ԿԸՀ-ի անելիքը կսահմանափակվի միայն ընտրության արդյունքներն արձանագրելով:
-Հայաստանում բոլոր երեք ԿԸՀ նախագահների պաշտոնավարումը, որպես կանոն, համընկել է երեք նախագահների պաշտոնավարման ժամկետներին: Ելնելով այս մտայնությունից, Գարեգին Ազարյանի վերընտրման փաստը պատահականություն է թե՞ օրինաչափություն:
-Պարտադրված օրինաչափություն:
- Տիկին Թադեւոսյան, Դուք, այնուամենայնիվ, ունեք ընտրական գործընթացների թեպետ դառը, բայց կարեւոր փորձ: Ի՞նչ զգացողություններով եք հրաժեշտ տվել ԿԸՀ-ին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք
- Անկախ ԿԸՀ անդամների կուսակցական նախապատվություններից, ձեւավորվել էր փոխադարձ հարգանքի մթնոլորտ, հատկապես աշխատակազմի եւ ԿԸՀ անդամների միջեւ: Ինձ համար դա մարդկային հարաբերությունների նոր որակ էր այն առումով, որ դրսեւորվում էր հակադրությունների եւ տարաձայնությունների միջոցով: Այնուհանդերձ, իմ զգացողությունները կարելի է դրական համարել: Դա` զուտ մարդկային հարաբերությունների շրջանակներում: Իսկ որպես քաղաքացի եւ որպես քաղաքական անձ, ցավում եմ, բայց ակնկալիքներս լավատեսական չեն:
-Ամեն դեպքում, ԿԸՀ-ն հասարակության շրջանում հայտնի է որպես ընտրակեղծիքների եւ թվանկարչության խորհրդանիշ եւ ինչպես Դուք եք ասում` այդ կարեւոր ինստիտուտի գործունեության հեռանկարն առանձնապես հուսադրող չէ: Այդ դեպքում ուզում եմ Ձեզ ուղղել դասական հարցը` ի՞նչ անել:
-Ձեր հարցին ուզում եմ տալ դասական պատասխան` պետք է մաքրել «Ավգյան ախոռները»:
Զրուցեց Գայանե Առուստամյանը