Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի և խաղաղության բանակցությունների դադարեցման մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում քննադատեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության բանակցությունները՝ կապված գերիների հարցի հետ։
«Եթե բանակցությունները դադարեցնենք, մեր գերիներին հետ են տալու՞, թե՞ վախենալու են։ Սա սադրանք է և կարող է բարձրացնել էսկալացիան», – նշեց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը բանակցությունների և միջնորդների ներգրավման միջոցով վերջին տարիներին վերադարձրել է ավելի քան 150 հայ գերի, և այժմ մնացել է 23 գերի, որոնցից մի մասը՝ Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ։
«Չկա միջազգային որևէ հանդիպում, որտեղ մենք չբարձրաձայնենք գերիների հարցը, անկախ քննարկվող թեմայից», – ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ անգամ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը առաջնային է եղել։
ԱԺ նախագահը նաև շեշտեց, որ այս թեմայի անհարկի քաղաքականացումը կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե ուզում ենք, որ նրանք վերադառնան, եկեք այս թեմային շատ ձեռք չտանք», – եզրափակեց նա։