ՌԴ-ն Սերժ Սարգսյանին էլ չի՞ խնայի (տեսանյութ)
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ԼՂ հիմնախնդրի հարցում Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Wikileaks»-ի բացահայտումներն այսօր իրականություն են դառնում: Իր տեսակետն այսօր նա հիմնավորեց «Ա1+»-ի հետ հարցազրույցում, ինչպես նաեւ պատասխանեց մեր այլ հարցերին:
- «Wikileaks»-ի բացահայտումներով՝ Ադրբեջանում աշխատող ամերիկյան դիվանագետները հայտնել էին, թե իրենց հետ զրույցներում Իլհամ Ալիեւը գովում է Սերժ Սարգսյանին եւ արձանագրում է, որ նրա ձգտումները ԼՂ հարցում հասնելու շուտափույթ կարգավորմանը համարում է անկեղծ: Այսօր Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիեւի փորձում է օգտագործել իր համար նպաստավոր պահը, այն է՝ ԼՂ հարցում Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ առկա կոնսենսուսը: Ադրբեջանը հույս ունի, որ Կազանում ներկայացրած իր նոր առաջարկներին համանախագահներն ընթացք կտան եւ Հայաստանն էլ տեղի կտա:
- Ինչո՞ւ է Ադրբեջանը վստահ, որ իր առաջարկներին ընթացք կտրվի:
- Ադրբեջանն այս իրավիճակը դիտում է որպես նախընտրական: Այսօր Հայաստանում սուր մրցակցություն կա: Ընդդիմությունը գտնում է, որ եթե Սերժ Սարգսյանը գնա հանգուցալուծման, ապա ստիպված է լինելու հեռանալ: Սերժ Սարգսյանն իր հեթին գտնում է, որ եթե լուծի խնդիրն, ավելի կամրապնդի իր դիրքերը:
- Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ մեր իշխանությունները Կազանը գնահատեցին ձախողում, սակայն դրանից հետո համանախագահներն ավելի ակտիվացման եւ այսօր նրանք կրկին տարածաշրջանում են:
- ԼՂ հիմնախնդրի լուծում չի լինի, քանի որ լուծումը ՌԴ-ի համար շատ ավելի վտանգավոր է, քան Վրաստանի' ԱՊՀ-ից դուրս գալը: Այս իրավիճակում ԼՂ հիմնախնդրի լուծումը կործանարար կլինի ՌԴ-ի համար: ՌԴ-ն կկորցնի վերջին 200 տարիների ընթացքում Հրավային Կովկասում ունեցած իր ազդեցությունը: ՌԴ-ն, երբ համոզում է Հայաստանին գնալ ընդառաջ Ադրբեջանի առաջարկներին, ակնկալում է , որ Հայաստանը չի համաձայնվի: Բայց եկեք ու տեսեք, որ Սերժ Սարգսյանը հակված է համաձայնվելու: ՌԴ-ի հույսերը, որոնք կապվում են Սերժ Սարգսյանի հետ, սկսում են չարդարացվել:
- Դա կարո՞ղ է հիմք լինել, որ ՌԴ-ն նպաստի Սերժ Սարգսյանի հեռացմանը:
- Հիշեք հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայտնի տողերը՝ Ռուսաստանը հարյուր հազարավոր կյանքեր է զոհաբերել այս տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու համար: Մի՞թե ՌԴ-ն այդքան հեշտ կհեռանա Կովկասից:
- Այսինքն, ՌԴ-ն Սերժ Սարգսյանին էլ չի խնա՞յի:
- Դա այն գնահատականն է, որ այսօր էլ արդիական է: ՌԴ-ն չի գնա մի քայլի, որը նրան դուրս մղի Կովկասից:
- Դուք չե՞ք կարծում, որ ԼՂ հիմնախնդիրը մոտ ապագայում կլուծվի:
- Սերժ Սարգսյանը շատ վտանգավոր խաղի մեջ է մտել: Վերջերս այցելելով «Գոլոս Արմենիի» օրաթերթ նա անկեղծացել է: Նա ասել է, որ գտնում է, որ շատ նպաստավոր պայմաններ են' ԼՂ հիմնախնդիրը լուծելու համար: Նա ասել է, որ առաջին էտապում պետք է հանձնեն 5 շրջանները՝ ԼՂՀ-ի միջանկյալ կարգավիճակի դիմաց, երկրորդ էտապում պետք է հանձնեն Քարվաճառը եւ Բերձորը, եւ դա պետք է լինի ԼՂՀ-ի կարգավիճակը հանրաքվեով լուծելու դիմաց: Ընդամենը մի փոքրիկ միջանցքի լայնության հարցը լուծված չէ եւ դա է պատճառը, որ այսօր Ադրբեջանը մտել է սակարկությունների մեջ եւ վճռական է ոչ միայն միջանցքի, ԼՂՀ-ի կարգավիճակի, այլեւ հանրաքվեի հարցերում եւ այլն:
- Ձեր կարծիքով' Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ իրականություն դարձնել իր նպատակները, եթե իհարկե, Ձեր ասածը համապատասխանում է իրականությանը:
- Չեմ կարծում, որ այս դեպքում հնարավոր է, որովհետեւ կողմերի առարկայական շահերը հակադիր են: Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ զինադադարի տարիներին ստեղծվել է այնպիսի «ստատուս քվո», որի շրջանակներում հավասարակշռված ներկայացված են աշխարհաքաղաքական կենտրոններին հետաքրքրությունները:
- Եթե նախկինում ԼՂՀ իշխանությունները դժգոհում էին, որ համանախագահները չեն այցելում Ստեփանակերտը, այսօր հակառակը՝ ԼՂՀ իշխանությունները չեն ցանկանում ընդունել համանախագահներին եւ հայտարարել են, թե Բակո Սահակյանն արձակուրդում է: Սա ի՞նչ է նշանակում:
- Դրանով ԼՂՀ իշխանությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նոր պահանջները իրենց համար ընդունելի չեն: Եթե ԼՂՀ-ն նախկինում պատրաստակամություն էր ցուցաբերում քննարկել Մադրիդյան սկզբունքները, ապա Ալիեւի ներկայացրած 10 նոր առաջարկներին մասին ԼՂՀ-ն ընդհանրապես հրաժարվում է խոսել: Սա միանգամայն ճիշտ քայլ է:
- Ինչպե՞ս եք վերաբերում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, որի առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր:
- Իմ կանխատեսումները, ցավոք, արդարանում են: Մենք տեսնում ենք, թե իշխանություններն ինչպես են ձգձգում երկխոսության իմիտացիան եւ դա նրանց հաջողում է: Ահավասիկ, ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի նախօրյակին նրան որոշել են գումարել այդ աշխատանքային խմբերի հանդիպումը: Իշխանություններին հաջողվեց ՀԱԿ -իշխանություն երկխոսությունը տեղափոխել միջկուսակցական երկխոսության հարթություն: Դա ոչինչ չի տա: Որքան ՀԱԿ-ը շարունակի երկխոսել իշխանությունների հետ, այնքան ՀԱԿ-ի հանրահավաքները կձախողվեն:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը