
Բեգլարյան․ ՀՀ ԱԺ նախագահը հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախ միության» հիմնադիր, Արցախի նախկին պետնախարար, ինչպես նաև նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, նշել է, թե «ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ, մի կողմից, Արցախը հանձնեն, մյուս կողմից, կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ»։
Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։
«ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին:
Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:
Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ, մի կողմից, Արցախը հանձնեն թշնամուն և հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին, իսկ, մյուս կողմից, կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ: Փաստորեն, պետք է անիմաստ կերպով կռվեինք մինչև վերջին մարդը, որ Մայր Հայաստանում հիմա մեր իրավունքների համար չպայքարեինք և միգուցե մեր հիշատակի առջև «գլուխ խոնարհեին»...»,– ասվում է գրառման մեջ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշել է, որ ի պատասխան կարելի է բերել պայքարի բազմաթիվ փաստեր, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ: