ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանը դեմ չէ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է արվի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու հիման վրա։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը։ Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո։
Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Ցանկացած ճանապարհ, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հայտարարել է դեսպանը։
Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը։
Նա նաև վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը»,-ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Սոբհանիի խոսքով՝ Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
«Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների ու տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ սերմանել մեր միջև»,-շեշտել է Մեհդի Սոբհանին։
Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունի, ինչ Հայաստանը։ Իրանն այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին, քանի որ դա վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։
Ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք և միատեսակ ենք մտածում։ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին»,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռուսաստանի հայտարարություններից բխում է, որ այդ երկիրը դեմ չէ միջանցքային տրամաբանությանը՝ Սոբհանին շեշտեց.
«Մենք հստակորեն և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Մենք դեմ ենք միջանցքային տրամաբանությանը, մենք դեմ ենք որևէ ճանապարհի, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո, դեմ ենք նրան, ինչը կբերի սահմանների փոփոխության։ Մենք այս մասին հստակ արտահայտվել ենք, և այս հարցում այլ երկրների նկատառումները մենք հաշվի չենք առնում։ Որոշ երկրներ փորձում են նման կասկած առաջացնել, որ Իրանն այս հարցում իր դիրքորոշումներից նահանջել է։ Այդ հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված։ Մենք մեր երկրի ազգային անվտանգության հարցում հաստատակամ ենք։ Սա մեր դիրքորոշումն է, համեմատեք մյուս երկրների դիրքորոշումները մեր դիրքորոշման հետ, եթե դրանք չեն համընկնի, ուրեմն մենք այդ երկրի հետ տարաձայնություններ ունենք։ Մեզ համար առաջնահերթը մեր երկրի շահերն են»,- ասել է Սոբհանին։
Դեսպանը հավաստիացրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր հաստատակամ դիրքորոշումից չի նահանջելու, այդ հարցով որևէ գործարքի չի գնալու որևէ մեկի հետ։
ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությունն իր բնույթով ռազմական չէ: ՀՀ իշխանություններն իրանական կողմին հավաստիացրել են, որ այդ առաքելությունը պարզապես հայ-ադրբեջանական սահմանին կայունություն պահպանելու և լարվածությունը կանխելու նպատակ ունի, ինչն իրանական կողմին հասկանալի է։
Ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման իրողությանը։
«Մենք Հայաստանի կառավարության կողմից սեփական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դիրքորոշմանը վերաբերվում ենք հարգանքով։ ՀՀ իշխանությունները մեզ հայտնել են, որ Եվրամիության ու եվրոպական մի շարք երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կարող են նաև լավ հնարավորություններ ստեղծել հայ-իրանական փոխգործակցության համար։ Եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել և այդ հանգամանքն օգտագործել ի նպաստ հայ-իրանական հարաբերությունների խթանմանը, ապա մենք դրական ենք գնահատում այդ ջանքերը»,- ասաց Մեհդի Սոբհանին։