Եթե այս գործընթացը չկանգնի, լուրջ լարումները, բողոքի ակցիաներն անխուսափելի կլինեն․ Ա․ Մարգարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Տրանսպորտային բարեփոխումների մոդելը ծայրահեղ անհաջող է պատրաստված, շատ դեպքերում հիմնավորված չէ։ Եվ եթե գործադիրի ղեկավարը, Երևանի ավագանին փետրվարի 1-ից չկանգնեցնեն դա, լուրջ կոնֆլիկտները, բողոքի ակցիաներն անխուսափելի կլինեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ պատասխանելով փետրվարի 1-ից Երևանի տրանսպորտի ուղեվարձի փոփոխությանը վերաբերող հարցերին։
Տնտեսագետը գտնում է, որ ավտոբուսների միայն ուղեվարձի ստվերային հատվածը բացահայտելու հաշվին ստացվող գումարները կրկնապատկվելու են։ Այդ դեպքում արդեն սակագնի բարձրացում պետք չէ անել։
Ատոմ Մարգարյանը ընդհանուր առմամբ դրական համարեց Հայաստանում եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը, բայց հավելեց, որ այն պետք է բացահայտի, երևակի նաև տրանսֆերային գնագոյացման սխեմաները։
«Պետք է բացահայտի, օրինակ, թե որ ընկերություններն են Հայաստանի հանքահումքային ընկերությունների գնորդները։ Բացահայտի՝ դրանք պարզապես ընկերություննե՞ր են, թե օֆշորային ընկերություններ են։ Իրականում բորսայակա՞ն, թե՞ ավելի էժան գներով են վաճառում»,- հավելում է նա։
Անդրադառնալով արդեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերային փաստաթղթի ստորագրմանը, ինչպես նաև կառավարության կողմից՝ ԵՄ-ին անդամագվելու մասին նախագծի ընդունմանը, տնտեսագետն ասում է, իհարկե, շատ լավ կլինի, որ Հայաստանը հնարավորություն ունենա եվրոպական շուկայում իր ապրանքները վաճառել։ «Բայց դա հնարավոր կլինի մի պարագայում՝ Եթե ԵԱՏՄ զարգացումները և ԵՄ զարգացումները բերեն այդ երկու խոշոր ինտեգրացիոն միավորումների ինտեգրմանը»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։