Բացել լրահոսը Փակել լրահոսը
հղի
A A
Պաշտոնական

Ծրագրի շրջանակներում 6370 շահառուի կատարվել է ախտորոշում և բուժում․ արդյունքում գրանցվել է 992 հղիություն

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը մոր ու մանկան առողջության պահպանմանն ուղղված և ընդլայնվող ծրագրերն է ներկայացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, խոսելով անպտղության հաղթահարման ծրագրից՝ նա նշել է վերջին ընդլայնումն ու ներկայացրել ցուցանիշներ։

2024 թվականի 11 ամիսներին, ծրագրի շրջանակներում, 6370 շահառուի կատարվել է ախտորոշում և բուժում, արդյունքում գրանցվել է 992 հղիություն, ծնվել է 486 երեխա։

Ծրագրի ներդրումից ի վեր օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ է եկել 898 երեխա, որից 81-ը զոհված զինծառայողների ընտանիքներում։

Գասպարյանը նաև խոսել է մարզերում օժանդակ սերմնավորման ծառայության ստեղծման մասին, նշել, որ Շիրակում արդեն գործում է կենտրոնը, հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզում։

Արմեն Գասպարյանը ներկայացրել է նաև հանրապետական շտապօգնության ծառայության բարեփոխման ընթացքը։

Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը ներկայացրել է իր համակարգման ոլորտի աշխատանքները` բժշկական կենտրոնների արդիականացման` կառուցման, վերանորոգման, վերազինման ընթացիկ աշխատանքները և անելիքները,

նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպումը, քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող աշխատանքները` սկսած դեղապահովումից։

Լրագրողների հետ երկօրյա հանդիպումներն ամփոփվել են հարցուպատասխանի ձևաչափով։