218 հազար մարդ կարող է ազատվել ժամկետանց վարկերից․ 1 տոննա մսամթերք է բռնագրավվել Գումի շուկայից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին218 հազար մարդ կարող է ազատվել ժամկետանց վարկերից․ 1 տոննա մսամթերք է բռնագրավվել Գումի շուկայից
Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․
- Բանկերի սև ցուցակի մարդկանց տրվող արտոնությունը,
- Ամուլսարի հանքի շահագործման դժվարությունները,
- Համայնքների խոշորացման ազդեցությունները,
- Եվ թե ինչ է նշանակում ԿԲ նոր որոշումը
Անհուսալի վարկեր ունեցողների համար ծրագրի մասին
Հայաստանում 341 հազար մարդ ունի վարկ, որը ժամանակին չի մարել։ Ու հիմա այդ վարկը համարվում է անհուսալի։ Այսինքն Հայաստանում ամեն 9 անձից մեկը բանկերի սև ցուցակում է։
Նրանց մի մասի համար կառավարությունը արտոնություն է մտածել։ Եվ դրանից կկարողանան օգտվել այն մարդիկ, որոնց վարկի մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը։ Այդպիսի մարդկանց թիվն էլ 218 հազար է։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լուրերի մասին
Ամուլսարի հանքի շահագործման համար Լիդիան Արմենիա ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանի առևտրային բանկերի հետ։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի բանկերն ունակ են նման վարկեր տալուն։ Ընկերությանն անհրաժեշտ է գտնել ևս 150 միլիոն դոլար վարկ, որպեսզի սկսի աշխատանքները։ Ենթադրվում էր, որ այդքան վարկ տալու է Եվրասիական զարգացման բանկը, բայց այն հրաժարվել է ֆինանսավորել հանքի նախագիծը։ Հնարավոր է, որ նաև սրա հետ է կապված այն, որ Հայաստանի կառավարությունը նվազեցրել է 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 0,5 տոկոսային կետով, քանի որ հենց այդքան էր լինելու Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
Երևանի Գումի շուկայում լարված իրավիճակ ու քաշքշոց է եղել, երբ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ու ոստիկանության ծառայողները որոշել են առգրավել սպանդանոցային մորթի փաստաթղթեր չունեցող մսի պաշարը։ Մսավաճառները պնդել են, որ իրենց բնակավայրերում չկան սպանդանոցներ, որտեղ կարող էին անասունը մորթի հանձնել։ Նրանցից մեկը ինքնահրկիզման փորձ է արել, մյուսի ինքնազգացողությունը վատացել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի ժամանակ 7 մարդու են ձերբակալել։ ՍԱՏՄ-ից էլ ստուգումների ավարտին հայտնել են, որ առգրավել են մոտ 1 տոննա միս։
Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։
Համայնքների խոշորացման տնտեսական արդյունքների մասին
Մարզերում կատարված խոշորացումից ո՞վ է շահել, գյուղե՞րը, խոշոր համայնքնե՞րը, թե՞ կառավարությունը։ Ինչ արդյունքներ կան այս ընթացքում։ Թեման ուսումնասիրել են Ամբերդ վերլուծական կենտրոնում։ Կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Քրիստինե Թաթոսյանը ներկայացնում է համայնքների խոշորացման տնտեսական որոշ արդյունքներ։
Վերլուծությունը դիտեք տեսանյութում։ Հրապարակման ամբողջական տարբերակն էլ հասանելի է այստեղ։
Բանկերի ու ԿԲ տոկոսադրույքների մասին
Երևանի տրանսպորտի թանկացումը Հայաստանում ընդհանուր գնաճի վրա կարող է ազդել մինչև 0,5 տոկոսային կետով։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Համեմատելու համար՝ 2024-ին տրանսպորտի ոլորտի գնաճը շատ ավելի բարձր է եղել․ հիմա 5,7 տոկոս է, իսկ ընդհանուր գնաճի ցուցանիշը հիմնականում ցածր է եղել այդ թվից։
Արդեն 2025 թվականից Կենտրոնական բանկն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ձգտելու է 3 տոկոս գնաճին։ ԿԲ խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանն ասում է՝ ԿԲ-ն իջեցնում է տոկոսադրույքը, որովհետև եթե չիջեցներ, վարկերի տոկոսները շատ ավելի բարձր կլինեին։ Իսկ վարկերի տոկոսները չեն իջնում կամ նույնիսկ բարձրանում են վարկերի պահանջարկի պատճառով, իսկ դրա պատճառն էլ նախորդ տարիների բարձր տնտեսական աճն է եղել։ Մանրամասները դիտեք տեսանյութում։ Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։