Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն ընդունել է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» և «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշումներ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, վերջինս ուժի մեջ է մտնելու 2025թ փետրվարի 20-ից:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ստեղծված իրավիճակը՝ Գյումրու ավագանու խմբակցություններից մեկն ամբողջ կազմով վայր էր դրել մանդատները, քաղաքապետը, տեղակալները հրաժարական էին տվել: «Եվ այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա: Կամ, եթե նույնիսկ տեսականորեն կա, այն ընդունելի չէ, որովհետև կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրել իրենց ավագանին և քաղաքապետին, և մենք ընդամենն իրավական ընթացակարգերն ենք ապահովում»,–ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ առաջին անգամ իրականացվել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության նախնական քվեարկություն: «Առաջին այդ փորձը շատ կարևոր էր ու հաջողված: Հետագայում, գոնե կառավարող կուսակցությունում կա ըմբռնում, որ բոլոր այն տեղերում, որտեղ չունենք գործող համայնքի ղեկավար, այդ դեպքերում այս մեխանիզմով մեր թեկնածուին կընտրենք, ինչը կարծում եմ՝ ժողովրդավարական ևս մի կարևոր ինստիտուտ է, որը մենք ներդնում ենք ՀՀ-ում: Սրանով նաև հնարավորություն է ստեղծվում վարչապետի կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու: Վաղը, նախնական քվեարկության արդյունքներով, կկատարեմ այդ նշանակումը», -ասել է Նիկոլ Փաշինյանը: