Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվում են միավորներ

Սպորտ
dfe2e8c2acb550a94fe00dafa3b73b75

Երեւանի «Բանանցը» եւ «Ուլիսը» այսօր կանցկացնեն Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումները:

Հայաստանի 2010 թ փոխչեմպիոնը Ռուսթավիում երկրորդ անգամ ուժերը կչափի Վրաստանի այս տարվա բրոնզե մեդալակիր «Մետալուրգի» հետ: Հիշեցնենք, որ թիմերի երեւանյան հանդիպումն ավարտվել էր վրացական ակումբի նվազագույն առավելությամբ` 1:0:

Հանրապետության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» սեփական հարկի տակ կընդունի Հունգարիայի այս տարվա 3-րդ թիմին` Բուդապեշտի «Ֆերենցվարոշին»: Կողմերի անդրանիկ մրցավեճն ավարտվել էր մրցակից վստահ հաղթանակով` 3:0:

«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց, որ թիմը մարտականորեն է տրամադրված հանդիպմանը, չնայած հաջորդ փուլ մտնելու շանսերը այնքան էլ մեծ չեն:

«Մենք ֆուտբոլիստների հետ լուրջ հոգեբանական աշխատանքներ ենք տարել, որպեսզի նրանք մոռանան առաջին հանդիպման արդյունքը եւ կարողանան տրամադրվել խաղին: Թե ինչ արդյունք կտան դրանք, պարզ կդառնա խաղադաշտում: Համենայնդեպս, «Ուլիսը» այսօր խաղալու է միմիայն հաղթանակի համար»,-ասաց նա:

Հարկ է նշել, որ բուքմեյքերները չեն հավատում «Ուլիսի» հաջողությանը: Մեր թիմի հաղթանակը գնահատվում է 5,30, իսկ «Ֆերենցվարոշինը»` 1,65 գործակցով: «Բանանցի» շանսերը նույնպես ցածր են «Մետալուրգի» համեմատ` 6,50-ը 1,55-ի դիմաց:

Չնայած բուքմեյքերների հոռետեսությանը, մեր թիմերը պետք է ձգտեն դրական արդյունքների հասնել, որպեսզի միավորներ վաստակեն եւ բարձրանան ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, որը մեր թիմերին հնարավորություն կտան առաջիկայում ավելի թույլ մրցակիցներ ունենալ եվրոգավաթների որակավորման 1-ին փուլում: