Դիկ Ադվոկատին դուր չի եկել
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին այնքան էլ դուր չի եկել այդ երկրի ազգային 2-րդ հավաքականի ստեղծման գաղափարը:
«Ֆուտբոլիստները ամեն ինչ անում են ազգային թիմում ընդգրկվելու համար, սակայն ստեղծելով 2-րդ ազգային հավաքականը, հնարավոր է նրանց մոտ պակասի այդ ցանկությունը: Եվրոպական շատ երկրներում նման ծրագրերը արդյունք չեն տվել»,-ասել է նա:
Հոլանդացի մասնագետին մտահոգում է նաեւ այն փաստը, որ 2-րդ հավաքականի ստեղծումով իր դերը կարող է կորցնել նաեւ երիտասարդական հավաքականը.
«Ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես է գործելու 2-րդ հավաքականը: Չէ՞ որ այն միայն ընկերական խաղեր է անցկացնելու: Համենայնդեպս, այդ հանդիպումները պետք է այնպես կազմակերպվեն, որպեսզի դրանք չխանգարեն առաջին եւ երիտասարդական հավաքականներին»:
Հավելենք, որ Ռուսաստանի ազգային 2-րդ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Կրասնոժանը, ում մեկ ամիս առաջ պաշտոնանկ էր արել Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախագահ Օլգա Սմորոդսկայան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված է Եվրո-2012-ի ընտրական նույն խմբում: