Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 19-ը նոյեմբերի․ Քոչարյանը գոհ էր Ստամբուլից, իսկ դատարանը մերժեց Փաշինյանին (տեսանյութ)

1997-ի այս օրերին Սեյրան Ավագյանը պաշտպանում էր գործազուրկների շահերը։ Նա հրատարակում է «Աշխատանքային շաբաթ» խորագրով թերթ, որով պետք է պայքարի գործազրկության դեմ։ Թերթի փողը տվել է «Եվրասիա» հիմնադրամը։ 1997-ի այս օրը նախագահին ընդդիմադիր հերթական ուժը Ազատության հրապարակում սկսած պայքարի առաջնորդներ է հռչակում Զորի Բալայանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Վազգեն Մանուկյանին։ Փոքրաթիվ թոշակառուները պետք է դառնան նոր պայքարի աղը։

1998-ի նոյեմբերի 19-ին Հայաստան է ժամանում ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ Նա այցելում է անդամ երկրների ղեկավարներին՝ ասելու, թե ինչպես է պատկերացնում ԱՊՀ-ն։ Լրագրողներին հետաքրքրում է օրերս տարածված այն տեղեկությունը, թե իր հանդեպ մահափորձ է իրականացվել։

1998-ի այս օրը լուրջ քաղաքական գործունեություն սկսելու մասին է հայտարարում «Երկրապահ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը ։ Հենց վաղը Միքայել Հայրապետյանի հիմնած Պահպանողական կուսակցությունը ցույց կանի Ամերիկայի դեսպանատան մոտ ի պաշտպանություն Իրաքի երեխաների։ Հետո կպայքարեն բարոյական արժեքների վերականգնման համար։

1999-ի նոյեմբերի 19-ին Ստամբուլի գագաթաժողովից Երեւան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը գոհ է այցելությունից, սրբագրեցին Լիսաբոնի վատ հետեւանքները, որտեղ հիմնական շեշտադրումը Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս համարելն էր։ Նույն օրն արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ստամբուլի գագաթաժողովի արդյունքների մասին հեռախոսային ասուլիս է տալիս Ամերիկայից։ Ինքը դեռ չի կարող ասել, թե Ստամբուլը հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՝ ոչ։ Կինեմատոգրաֆիստների միության նախագահը 1999-ի այս օրը հայտարարում է՝ որքան շուտ ազատվենք մշակույթի նախարարությունից, այնքան լավ հայ կինոյի համար։ Նախարար Ռոլանդ Շառոյանն, ըստ միության նախագահի, երկու տարվա ընթացքում այդպես էլ չի հանդիպել կինոգործիչների հետ։

Նույն օրը գրադարանավարները եւ ընթերցողները հանդիպում են լրագրողների հետ։ Թեման՝ մամուլը արտակարգ իրավիճակներում։ Ընթերցողներն առանձնապես հիացած չեն իշխանական լրագրողներով հատկապես հոկտեմբերի 27-ի օրերին։ Արցախի Հյուսիս-Հարավ մայրուղին եւ Գյումրիի 4 դպրոցների կառուցման աշխատանքները կավարտվեն, եթե 2000-ի այս օրերին տեղի ունեցող հեռուստամարաթոնին մասնակցի ամբողջ հայությունը։ Մարաթոնին ակտիվորեն մասնակցում են հենց գյումրեցիները։ Օրվա վերջում 50 այլ դպրոցների եւ տարբեր կազմակերպությունների օգնությամբ հավաքվում է 221 ամերիկյան դոլար։

«Աերացիա» կայանում արդեն երեք տարի վերամշակում են մայրաքաղաքի կեղտաջրերը։ Ջրազրկված տիղմն կարելի է օգտագործել որպես հողերի պարարտանյութ։ Կայանն արդեն այդ տիղմից փորձնական ճանապարհով ստացել է պարարտանյութ, որն իր հատկություններով գերազանցում է անօրգանական պարարտանյութերին։ Երեւանի էլեկտրատրանսպորտն արդեն հոգեվարքի մեջ է։ Նախորդ երեք տարիների ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց այն կուտակել է 860 միլիոն դրամի պարտք։

2001-ի նոյեմբերի 19-ին Երեւանի էլեկտրացանցը հոսանքազրկում է էլեկտրատրանսպորտը, այս եւ հաջորդ տարվա բյուջեներում ում ոչ մի լումա փոխհատուցում նախատեսված չէ։

2001-ի այս օրը Վանո Սիրադեղյանին խորհրդարանը զրկում է պատգամավորական մանդատից։ Անցյալ տարվա ապրիլից նա Հայաստանի տարածքում չէ եւ նրա գտնվելու վայրն անհայտ է։ Երեւանի նախկին քաղաքապետին մանդատից զրկում են փակ գաղտնի քվեարկությամբ, այսինքն, կանոնակարգին հակասելով, Վիկտոր Դալլաքյանն ասում է, որ փակ գաղտնի քվեարկությունը ավանդույթ է։

2007-ի նոյեմբերի 19-ին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հեգնանքով է մեկնաբանում նախագահի մյուս թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից։ «Երեւի երեք տարին բավարար է Ղարաբաղը հանձնելու համար»,-ասում է Սերժ Սարգսյանը։

2009-ի այս օրերին Երեւանի Հյուսիսային ճառագայթի կամ Մոնումենտի այգիներում շարունակվում է Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան շինարարությունը։  Շինարարական աշխատանքների ղեկավարի մտքով էլ չի անցնի, որ շենքը հիշեցնում է խորհրդարանի բնօրինակը։

2010-ի այս օրը դատարանը մերժում է Նիկոլ Փաշինյանի դիմումը իր պատժաժամկետը 5 ամսով կրճատելու մասին։ Նրան դատապարտել են 3 տարի 6 ամիս զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ի դեպ, լրագրողին դատարան բերելուց առաջ բոլոր լրագրողներին ստիպեցին մտնել դատարանի շենք՝ չի կարելի նկարել։