Բացել լրահոսը Փակել լրահոսը
մալխաս
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը դժգոհ են` նրանք չեն ընդգրկվել Բանակայինների ԱԱ-ի Հայաստանի թիմի կազմում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամները` Մալխաս Ամոյանն ու Արսեն Հարությունյանը դժգոհ են Բանակայինների աշխարհի առաջնության մասնակից Հայաստանի թիմի կազմից դուրս մնալուց:

«Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող Բանակայինների աշխարհի առաջնությանը։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Արսեն Հարությունյանը:

ԲԿՄԱ-ի թիմից դուրս է մնացել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

«Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների աշխարհի առաջնությանը: Սակայն, անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառով, ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից»,-գրել է Ամոյանը:

Բանակայինների աշխարհի առաջնությունն անցկացվում է Երևանում նոյեմբերի 20-22-ը: