«Փյունիկին» համեմատել են «Նեւթչիի» հետ
Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա» ֆուտբոլային ակումբը, պատրաստվելով չեմպիոնների լիգայի խաղարկության Երեւանի «Փյունիկի» հետ առաջին հանդիպմանը, ստուգողական խաղ անցկացրեց ադրբեջանական «Նեւթչիի» հետ:
Հանդիպումն ավարտվեց չեխ ֆուտբոլիստների հաղթանակով` 1:0: Միակ գոլը 89-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց թիմի սլովակցի պաշտպան Մարիան Չիսովսկին:
«Վիկտորիան» այդ խաղում հանդես է եկել այսպիսի կազմով. Պավլիկ - Ռայտորալ, Չիսովսկի, Բիստրոն, Իրաչեկ (Դարիդա, 75) - Պետժելա (Դյուրիս, 33), Կոլար (Ֆիլո, 46), Հորվաթ, Տրապ (Լիմբերսկի, 60), Պիլար - Բակոշ (Հորա, 60):
Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Պավել Վրբեկը ասել է, որ իրենք հատուկ էին նման մրցակից ընտրել վերջին ստուգողական խաղում:
«Բաքվի «Նեւթչին» եւ «Փյունիկը» համարյա նույն մակարդակի թիմեր են: Հուսով եմ, որ մեր առաջիկա մրցակիցը ցուցադրում է այնպիսի ֆուտբոլ, ինչպես ադրբեջանական թիմը» - մեկնաբանել է չեխ մասնագետը:
Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Վիկտորիա» հանդիպումը կայանալու է հուլիսի 12-ին, «Հանրապետական» մարզադաշտում: