Մասամբ ազատ Արցախը դարձավ Ոչ ազատ․ Ֆրիդոմ Հաուզ-ն օգտագործում է Էթնիկ զտում արտահայտությունը նոր զեկույցում
Աջակցիր «Ա1+»-ինՖրիդոմ Հաուզ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2023թ տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը Մասամբ ազատ երկիր է` 54 միավորով (Քաղաքական իրավունքներ` 23/40 , Քաղաքացիական ազատություններ` 31/60)։
Զեկույցում առանձին հատված կա Արցախի մասին․այն ներկայացնում ենք հատվածաբար․
2023թ –ին ամբողջ աշխարհում բռնի հակամարտությունները՝ հաճախ պայմանավորված ավտորիտար ագրեսիայով, առաջացրին մահ ու ավերածություններ և վտանգեցին ազատությունը։ Լեռնային Ղարաբաղը՝ տարածք, որը երկար ժամանակ առանձին գնահատական էր ստանում այս զեկույցում, արձանագրեց տարվա ամենամեծ անկումը ազատության առումով և «Մասամբ ազատից» անցավ «Ոչ ազատ» կարգավիճակի՝ Ադրբեջանի ռեժիմի կողմից շրջափակման և ռազմական հարձակման հետևանքով, որը հանգեցրեց անջատողական կառավարության կապիտուլյացիային և էթնիկ հայ բնակչության դե ֆակտո արտաքսմանը։
Վիճարկվող տարածքների վրա հարձակումները ուժեղացնում են գլոբալ ավտորիտար ագրեսիան
Սեպտեմբերին Ադրբեջանի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարման արդյունքում տեղի ունեցավ տեղական կառավարման հաստատությունների լուծարում և ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանում, ինչը բազմաթիվ դիտորդներ որակեցին որպես էթնիկ զտում։ Արդյունքում նախկինում «Մասամբ Ազատ» տարածքը 2023 թվականին արձանագրեց աշխարհում ամենամեծ միավորների անկումը՝ կորցնելով ընդհանուր 40 միավոր։
Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի՝ տարածքը արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային ուղու ինը ամսվա շրջափակումից հետո, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչները դժվարանում էին ստանալ առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են սնունդը, բժշկական պարագաները և վառելիքը։ Մոտ երեք տասնամյակ հայ բնակչությունը գտնվում էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում։
․․․․Հարձակումը համընկավ Ադրբեջանի ներսում ավտորիտար ճնշումների խորացման հետ։ 1990-ականներից ի վեր կառավարությունը իրականացրել է քաղաքականություն, որը խտրականություն է դնում էթնիկ հայերի նկատմամբ, իսկ հայ քաղաքացիներին, ինչպես նաև նրանց սերունդներին արգելվում է կամ սահմանափակվում է երկիր մուտք գործելը։ Վերջին տարիներին ուժեղացել են կրոնական խտրականությունը և անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները։ Լեռնային Ղարաբաղի գրավումը բարձրացրեց նախագահ Իլհամ Ալիևի ներքին հեղինակությունը, որը ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականից՝ իր հորից ժառանգելով այդ պաշտոնը, և մտահոգություններ առաջացրեց, որ ոգևորված ադրբեջանական ղեկավարությունը կարող է լիամասշտաբ ներխուժում սկսել Հայաստանի Հանրապետություն, որի սահմանները արդեն իսկ խախտվել են։