Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Կապանում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղախոխվել Կապան քաղաքի 63-ամյա բնակիչ, ով ավելի ուշ տեղափոխվել է Երևան քաղաքի «էրեբունի ԲԿ»։

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող սննդի կետում Կապան համայնքի 63–ամյա բնակիչ, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի և նույն քաղաքի 31-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որից հետո նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով, 31-ամյա տղամարդը նույն քաղաքի 31 և 29-ամյա բնակիչների հետ գնացել է ՍՊ ընկերության վարչական շենքի մուտքի մոտ։ Հանդիպելով ընկերության տնօրենին, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով հավաքված անձանց ներկայությունը, միմյանց գործողությունները լրացնելով` Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ընկերության տնօրենի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ վերջինիս զրկելով դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Նշված խուլիգանության ընթացքում Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ծեծի են ենթարկել նաև ընկերության տնօրենի վարորդին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կապան քաղաքի 31-ամյա երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Կապան քաղաքի 29-ամյա բնակչի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե