A
A
Որո՞նք են օստեոարթրոզի ախտանշանները
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը, կառուցվածքային փոփոխության են ենթարկվում ենթաճառային ոսկրային շերտը, հոդաշապիկի և շրջակա հյուսվածքները: Այս հիվանդությունը հանգեցնում է ցավի, շարժունակության սահմանափակման և հոդերի դեֆորմացիայի` էապես ազդելով հիվանդների կյանքի որակը: Օստեոարթրոզը հաճախ ախտահարում է ծնկան, կոնքազդրային հոդերը, ձեռնաթաթի մանր հոդերը, ինչպես նաև ողնաշարը:
Հատկապես ո՞ր տարիքում է ի հայտ գալիս այս հիվանդությունը, որո՞նք են ռիսկի գործոնները
Հիվանդացության հաճախականությունը աճում է հատկապես 50 տարեկանից հետո, ինչը պայմանավորված է կլիմակտերիկ շրջանում հորմոնալ փոփոխություններով: Օստեոարթրոզի զարգացման ռիսկի գործոններից են նաև ավելորդ քաշը, ժառանգական նախատրամադրվածությունը, ներհոդային վնասվածքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և հենաշարժիչ համակարգի բնածին անոմալիաները:
Որո՞նք են ախտանշանները
Հոդացավ, որը սրվում է ծանրաբեռնվածության ժամանակ և մեղմանում՝ հանգստի ժամանակ: Վաղ փուլերում ցավը կարող է դրսևորվել պարբերաբար, սակայն հիվանդության առաջընթացի հետ դառնում է մշտական:
Հոդերի կարկամություն, հատկապես առավոտյան կամ երկարատև հանգստից հետո
Շարժումների սահմանափակում ախտահարված հոդերում:
Կրեպիտացիա (խրթոցի զգացում) հոդի շարժման ժամանակ:
Հոդի դեֆորմացիա և հնարավոր օստեոֆիտների (ոսկրային գերաճերի) առաջացում, որոնք կարելի է նկատել զննման ժամանակ:
Կանխարգելում
Առողջ քաշի պահպանում - ավելորդ քաշի նվազեցումը նվազեցնում է հոդերի ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն նվազեցնում է ՕԱ-ի զարգացման ռիսկը:
Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն - չափավոր ծանրաբեռնվածությունը, ինչպիսիք են լողը, քայլքը, յոգան, օգնում են պահպանել մկանային տոնուսը և հոդերի առաձգականությունը:
Առողջ սնունդ - հավասարակշռված սննդակարգ՝ բավարար քանակությամբ վիտամիններով և հանքանյութերով (հատկապես կալցիում և վիտամին D) նպաստում է ոսկորների և աճառների առողջությանը:
Վնասվածքների կանխարգելում - ճիշտ տեխնիկայի կիրառում սպորտով զբաղվելու ընթացքում, հարմարավետ կոշիկի ընտրություն և հոդերի վնասվածքների կանխում կենցաղում և աշխատավայրում:
Բուժման Մեթոդներ
1. Ոչ դեղորայքային բուժում
Ֆիզիոթերապիա
Մերսում և մանուալ թերապիա
Օրթոպեդիկ սարքերի օգտագործում
Մարմնի քաշի իջեցում
2. Դեղորայքային բուժում
3. Վիրահատական բուժում
Արթրոսկոպիա - նվազագույն ինվազիվ միջամտություն, որը թույլ է տալիս հեռացնել վնասված աճառային հատվածները:
Օստեոտոմիա - շտկող վիրահատություն, որն ուղղված է հոդի ծանրաբեռնվածության փոփոխմանը:
Հոդի էնդոպրոթեզավորում - ախտահարված հոդի փոխարինում արհեստական պրոթեզով: