Կիրականացվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու համար Հայաստանի Հանրապետության առջև ծառացած են հիմնական ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման լայնածավալ խնդիրներ: Հաշվի առնելով դեպի ծով ուղիղ ելքի բացակայությունը՝ տրանսպորտային կապերի բարելավումը և տրանսպորտային ծախսերի նվազեցումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են։ Երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 1) 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125, 2) 8.65 կմ երկարությամբ
Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775, 3) 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև կնքվող «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածները (կմ0+000÷կմ27+104 և կմ 35+775 ÷ կմ60+022)։ Պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետությունը կշարունակի մասնակի փոխհատուցել կատարված ծախսերը
Գործադիրը վերաբաշխում է կատարել բյուջեում Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնումը, տարեկան շուրջ 300 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի և (կամ) ջրավազանների կառուցում (ջրավազանի կառուցումը դիտարկվում է յուրաքանչյուր 1 հա տարածքի ոռոգման համար), տարեկան շուրջ 200 հա տարածքում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, ինչպես նաև 2022 թվականին շուրջ 50 հա, 2023 թվականին շուրջ 100 հա ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակումը: Ծրագիրը իրականացվում է 2021-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Ծրագրի փոխհատուցման բաղադրիչով մասնակից շահառուների կողմից ներկայացվել է այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտել և փոխհատուցման դիմում են ներկայացրել 2 շահառուներ: 21 շահառուների տնտեսություններում իրականացված մոնիթորինգով արձանագրվել է, որ համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին, որոնց փոխհատուցման ենթակա գումարը կազմում է 1,415,407.7 հազար դրամ։ Ներկա պահին միջոցառման տարեկան ճշտված պլանով ֆինանսական միջոցներից առկա է 218,895.6 հազար դրամ, որը չի բավականացնում փոխհատուցման դիմած, ավարտական դրական մոնիթորինգ ստացած շահառուների փոխհատուցում հատկացնելու համար։ Ուստի ներկայումս անհրաժեշտ է լրացուցիչ 1,148,287.1 հազար դրամ 66.7 հա այգեհիմնման և 48,225․0 հազար դրամ 260․9 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման փոխհատուցում հատկացնելու համար (ընդհանուր 1,196,512․1 հազար դրամ)։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում հանձնարարել է մարզպետներին ներգրավել ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում, որպեսզի ծրագրի պոտենցիալ շահառուներն ավելի մանրամասն և ինտենսիվ ձևով տեղեկանան միջոցառման մանրամասներին:
Կսահմանվեն և համակարգային հիմքի վրա կդրվեն երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականությունը
Գործադիրը հավանություն է տվել «Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը և այդ լուծումների շուրջ հանրային դիսկուրսի ձևավորմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների ընդգրկվածության ապահովմանը և որոշումների կայացման մեջ երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Պետական երիտասարդական քաղաքականությունը ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը՝ ընդլայնելու իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը: Օրենքը կհանդիսանա շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում՝ նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար։ Առաջարկվող օրենքի նախագիծը ապահովելու է երիտասարդության ոլորտի համակարգումը: Սույն օրենքի խնդիրներն են` սահմանել և համակարգային հիմքի վրա դնել երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականությունը, ապահովել երիտասարդության ոլորտի գործունեության և զարգացման համար իրավական երաշխիքները, կանոնակարգել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների և երիտասարդների միջև իրավահարաբերությունները, տարանջատել երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության շրջանակում պետական կառավարման մարմինների իրավասությունները:
Առաջարկվող նախագծով սահմանվում են երիտասարդության ոլորտում պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ, ինչպիսիք են՝ «Երիտասարդ», «Երիտասարդական աշխատանք», «Երիտասարդական կենտրոն», Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին» և այլն, որոնց միջոցով պետությունը իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականություն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև այն մասին, որ օրենքի առկայությունը կաջակցի Կառավարության ծրագրով
նախատեսված և արդեն մի քանի տարի իրականացվող երիտասարդական կենտրոնների ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: «Մասնավորապես՝ 2022-ից մեկնարկելով, մարզերում արդեն իսկ գործում են կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի գործակցությամբ ձևավորված 5 կենտրոններ՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում: Այս տարի դրանց կավելանա ևս 4 կենտրոն տարբեր մարզերում: Հաջորդ տարվա բյուջետային պլաններում ամրագրված է ևս 6 կենտրոնի ձևավորումը: Մյուս տարի մենք կմեկնարկենք նաև բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոն, մշակույթի տուն, համայնքային գրադարան ձևաչափով: Եվ օրենքի շնորհիվ, երիտասարդական կենտրոնների այս քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ առումով ավելի հիմնավոր՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, պետք է հատուկ ընդգծեմ, որ այս կենտրոնները հասցեագրում են նաև այսպես կոչված ոչ մի տեղ չաշխատող և չսովորող երիտասարդների խմբերին, ինչն առավել կարևոր է, որովհետև նրանք դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից, և այդ իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն»,-հավելել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով, երիտասարդական քաղաքականության օրենքի առկայությունը կարևոր է նաև ժողովրդագրական իրավիճակի տեսանկյունից. «Իրականում ծերացող հասարակության այն միտումները, որ կան, պահանջում են, որպեսզի պետություններն ունենան ավելի հստակ քաղաքականություն երիտասարդների խրախուսման և երիտասարդների զարգացման ուղղությամբ: Եվ երիտասարդական քաղաքականության օրենքն այդ իմաստով գործիքակազմ է տալիս այս խմբի հետ աշխատելու և այս խմբին ուղղված աջակցության տարբեր ծրագրեր իրականացնելու: Օրինակ՝ այնպիսի աջակցություն, ինչպիսին բնակարանային ապահովման հարցում երիտասարդ ընտանիքներին ավելի թիրախային աջակցությունն է և նմանատիպ այլ ծրագրեր»,-հավելել է ԿԳՄՍ նախարարը:
Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք-ների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշման նպատակը մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառա-յությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելը, ինչպես նաև շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռելն է: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետևյալ տեսակների
կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ 1. «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեությունը», 2. «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող (68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, 3. «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող՝ «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեությունը», «70. Գլխամասային գրա-սենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառա-յությունները», «71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխ-նիկական փորձարկումները և վերլուծությունները», «73. Գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը», «74. Մասնագիտական, գիտական և տեխնի-կական այլ գործունեությունը», 4. N (ԷՆ) «Վարչարարական և օժանդակ գործունեություն» հատվածում ներառվող՝ «78.2 Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը», «78.3 Աշխատուժով ապահովման այլ գործունեությունը», 5. «Q (ՔՅՈՒ) Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող՝ «86. Առողջապահությունը»: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել միկրո-ձեռնարկատիրության համակարգում ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշ-վարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստա-թղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեց-նելու հնարավորություն ընձեռել:
Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն իր խոսքում շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը առաջադրելու և վստահության համար և նշել. «Հավաստիացնում եմ, որ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում, իմ ամբողջ մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար»:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե վերջին շրջանի ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով Մեսրոպ Մեսրոպյանն ի՞նչ կարծիք ունի: «Նկատի ունեմ՝ երկու կարևորագույն հարցը, որոնք պարբերաբար քննարկվում են նաև հանրային տիրույթում: Այսինքն՝ հանձնաժողովի սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է, և նաև որակի խնդիրը, որովհետև իրականության մեջ կա կարծիք, որ այն ֆունկցիոնալ դիզայնը, որ այսօր գոյություն ունի, բավարար չի, որպեսզի որակ ապահովելու գործառույթը լիարժեք իրականացվի, նաև
գնումների գործընթացը բավարար թափանցիկ լինի: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ է անհրաժեշտ անել: Ես գիտեմ, որ մի քանի որոշում վերջին շրջանում հանձնաժողովը կայացրել է այդ ուղղությամբ, բայց ուզում եմ նաև ձեր կարծիքը լսել: Արդյոք դրանք բավարա՞ր են, թե ավելի ֆունդամենտալ փոփոխությունների պետք ունենք»,-նշել է փոխվարչապետը:
Մեսրոպ Մեսրոպյանն այս առումով նշել է, որ որակի ցուցանիշները բարձրացնելու հետ կապված, իր կարծիքով, անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար: «Այդ մասով, աշխատանքի անցնելու դեպքում, նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով ես կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարիներին կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը: Ինչպես նաև գնումների մասով պետք է բացառել փոխկապակցված անձանց, տվյալ ընկերությունների հետ կապված փոխկապակցված անձանց ընկերությունների գործունեությունը գնումների գործընթացին մասնակցելու առումով, որովհետև կյանքը ցույց է տալիս, երբ ունենում ենք նման դեպքեր, ապա թե՛ ձեռք բերված սարքերը կամ ծառայությունները շուկայականից ունենում են ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը կատարված աշխատանքի նկատմամբ հեռու է լինում ցանկալի արդյունքից»,-պատասխանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն:
Ամփոփելով իր խոսքը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել այդ հարցերը, որովհետև հանրության համար դրանք ամենաակտուալն են և նաև տեսանելի, որովհետև ի վերջո որակի սպառողը և սակագնի չափ վճարողը հանրություն է: «Երկու հարցերն էլ ուղղակի կորելացվում են այդ խնդիրների հետ, և այդ իմաստով ուղղակի խնդրում եմ, որ դրական որոշում կայացնելու պարագայում, դրանք լինեն Ձեր օրակարգի ամենակարևոր հարցերը»,-հավելել է փոխվարչապետը:
Սակագնային քվոտա կկիրառվի` 2025 թ. Հայաստան ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի սակագնային քվոտա կկիրառվի` 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշմամբ հաստատված է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը։ Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը: Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։
Սահմանվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումները
Գործադիրը սահմանել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը: Որոշման կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումների սահմանումն է։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է մաքսային հսկողության գոտիներում իրականացվող գործունեության իրականացման արդյունավետության և մաքսային գործառնությունների անխափան իրականացման հնարավորություն։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1. մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը,2. մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները, 3. մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը։
Կստորագրվի համաձայնագիր «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի» իրականացման համար
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև նախատեսվում է ստորագրել 50 մլն եվրո արժողությամբ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է՝ խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ, և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 2024թ. մայիսի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:
Օրենսդրական նախաձեռնություն
Գործադիրը հավանություն է տվել «1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ Դատարանին անդամակցելու
վերաբերյալ իր նպատակահարմարությունը հիմնավորել է 2024 թվականի մարտի 5-ին ներկայացված եզրակացությամբ։ Կոնվենցիաների վավերացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը հիշյալ կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կողմից Հաագայի կոնվենցիաների վավերացումը, և համապատասխանաբար Դատարանին անդամակցումը, կարևորվում է միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից: Անդամակցումը կարևորվում է նաև Հայաստանի՝ տնտեսական զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման համատեքստում՝ հնարավոր ներդրողներին տալով լրացուցիչ իրավական երաշխիքներ: Դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցումը լիովին համահունչ կլինի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և դիվանագիտական լուծումներն առաջ տանելու Հայաստանի Հանրապետության հանձնառությանը։ Հարկ է նկատել նաև, որ այս պահին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Դատարանում քննվում են երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո: Պետք է նշել նաև, որ Դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաև ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր՝ այդ թվում միջպետական վեճերի լուծման համար:
Կնվազեցվի շենքերի էներգիայի սպառումը և աջակցություն կցուցաբերվի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են` նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը, բարելավել սեյսմիկ անվտանգությունը, բարելավել այցելուների հարմարավետությունն ու կյանքի որակը, նվազեցնել CO2 արտանետումները, երկարաձգել վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետը: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով:
Շարունակվում են զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցման միջոցառումները
Գործադիրը որոշում է ընդունել, որով առաջարկվում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը 2024 թվականի մինչև տարեվերջ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 7.3 մլն դրամ 1011 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք
Կառավարության որոշմամբ փոփոխություններ կկատարվեն «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի n 1756-լ որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ոլորտում Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում ներգրավվել են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված շահառուները: Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանցից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թվականին տեղահանված անձինք: Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից:
Կհամալարվի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի n 2093-ն որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը համալրելու հանգամանքից: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ մարզերի թվով 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել է շենքի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի վերաբերյալ փորձաքննություն, որի եզրակացության արդյունքում պարզվել է, որ ուսումնական հաստատություններն ունեն վերանորոգման/հիմնանորոգման կարիք, քանի որ նրանց տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակը բավարարում է առաջին կարգին, ուստի, նախագծով առաջարկվում է գործող կարգի նոր հավելվածով ավելացնել վերանորոգվող/հիմնանորոգվող հետևյալ դպրոցների վերաբերյալ ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը. ՀՀ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, ՀՀ Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, ՀՀ Արմավիրի մարզի
Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գ. Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Փանիկի միջնակարգ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Մարուսյա Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, ՀՀ Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց:Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, ցանկը կլրամշակվի նոր դպրոցների ներգրավմամբ՝ վերանորոգման միջամտության աստիճանով, որի արդյունքում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներում ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա՝ նպաստելով ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը: